Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են Լերմոնտովո համայնքի զարգացման հեռանկարները
02.10.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցը շարունակել է Լերմոնտովո համայնքում: Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը նախ՝ դիտարկել է Մ8 միջպետական ճանապարհից դեպի Լերմոնտովո ճանապարհահատվածի՝ պետություն-համայնք համագործակցությամբ 2024 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է 200 մետր երկարությամբ և 4 մետր լայնությամբ ճանապարհը՝ ավելի քան 14 միլիոն 500 հազար դրամ նախահաշվային արժեքով:
Մարզի ղեկավարը շինարարական կազմակերպություններին հանձնարարել է աշխատանքներում արձանագրված թերությունները վերացնել սեղմ ժամկետներում և ապահովել պատշաճ որակ:
Դիտարկվել են նաև 2023 թ. սուբվենցիոն ծրագրով իրականացված տուֆով սալարկման աշխատանքները: Հաշվի առնելով, որ ծրագիրը գտնվում է հետերաշխիքային ժամկետների մեջ համայնքի ղեկավարին առաջարկվել է կապալառու կազմակերպությանը հանձնարարել՝ շտկել արձանագրված թերությունները վնասված հատվածներում:
Պաշտոնյաներն այցելել են նաև Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 161 աշակերտ: Մարզպետը շրջել է դպրոցում, զրուցել անձնակազմի և աշակերտների հետ:
Քննարկվել են կրթության որակի բարելավմանը և դպրոցի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցեր:
Լերմոնտովոյի դպրոցը օրերս վերազինվել է համակարգչային տեխնիկայով և աշխարհագրության,կենսաքիմիայի, ֆիզիկայի լաբորատոր գույքով:
Աշխատանքային այցը շարունակվել է Անտառաշեն բնակավայում, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է գազաֆիկացում: Ընթացքի մեջ են 734մ ստորգետնյա և 1372մ վերգետնյա ներքին ցանցի գազատարի կառուցման աշխատանքները: Ծրագրի նախահաշվային արժեքն ավելի քան 37 միլիոն 800 հազար դրամ է:
Մարզպետն ընդգծել է աշխատանքները նախատեսված ժամկետներում և առանց թերությունների կատարելու անհրաժեշտությունը:
Աշխատանքային օրն ամփոփվել է Լերմոնտովոյի համայնքապետարանում անցկացված խորհրդակցությամբ: Մարզի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է արդյունավետ ծրագրեր կազմել և պայմաններ ստեղծել՝ մարզում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ապրելու և հարուստ ավանդույթները շարունակելու համար:
Քննարկվել են համայնքային մի շարք խնդիրներ ևս, տրվել են հանձնարարականներ: