Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այց՝ Ֆիոլետովո համայնք
02.10.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ հոկտեմբերի 1-ին այցելել է Ֆիոլետովո համայնք:
Ֆիոլետովոն մոլոկաններով բնակեցված համայնք է, որն ունի 1300 բնակիչ, նրանք հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ:
Ֆիոլետովոյի համայնքապետ Ալեքսեյ Չիչյովի, համայնքապետարանի ներկայացուցիչների հետ քննարկվել են համայնքային ծրագրերը, խնդիրները, գյուղմթերքի սպառման շուկայի ընդլայնման, զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Լոռու մարզպետը նշել է, որ կոլորիտային ու տարբերվող Ֆիոլետովոն լուրջ հետաքրքրություններ կարող է առաջացնել զբոսաշրջիկների մոտ, անհրաժեշտ է զարգացման գրավիչ և իրատեսական ծրագրեր մշակել այդ ուղղությամբ:
Աշխատանքային այցի շրջանակներում Արամ Ղազարյանն այցելել է նաև Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոց: Տնօրենի ուղեկցությամբ՝ մարզպետը շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: Այստեղ սովորում է 164 աշակերտ, կից նախակրթարանում՝ 14 սան:
Քննարկվել են դպրոցի սպորտդահլիճի վերանորոգման հետ կապված հարցեր: Նշվել է, որ պետական բյուջեի միջոցներով դպրոցն օրերս ստացել է համակարգիչներ՝ անհրաժեշտ գույքով, իսկ բնագիտական առարկաների փորձարարական մասն ապահովելու համար շուտով սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կհիմնվեն:
Մարզպետն ընդգծել է, որ պետությունը ջանք չի խնայում կրթական պայմանները բարելավելու համար, հորդորել է մեծ ուշադրություն դարձնել կրթության որակին՝ հիմնարար գիտելիքներ փոխանցելով երեխաներին:
Մարզի ղեկավարը հետևել է նաև 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Ֆիոլետովո համայնքում կառուցվող կոյուղու համակարգի 2-րդ փուլի շինարարական աշխատանքների ընթացքին:
Ծրագրի նախահաշվային արժեքը շուրջ 33 միլիոն 900 հազար դրամ է: Կառուցվում է 1004 գծամետր կոյուղատար՝ պոլիմերային ծալքավոր խողովակներով և դիտահորերով:
Մարզպետը զրուցել է շինարարի հետ, ընդգծել` աշխատանքները սահմանված ժամկետներում և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը: