Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում կհիմնվի սպասարկման ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոն
02.10.2024
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը հոկտեմբերի 1-ին Վանաձորում մասնակցել են Ճապոնիայի դեսպանատան և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի միջև նոր ծրագրի պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, սպասարկման ոլորտը ներկայացնող ձեռներեցներ։
Ծրագրի շրջանակներում Վանաձորում հիմնվելու է սպասարկման ոլորտի մասնագետների վերապատրաստման կենտրոն, որի նպատակն է կրթել և պատրաստել մասնագետներ, որոնք այս ոլորտում բարձրորակ մասնագիտական կարողություններ դրսևորելու հնարավորություն կունենան։
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով միջոցառմանը ներկա լինելու համար՝ ծրագրի իրականացման հետ կապված մանրամասներ է ներկայացրել «ՀԿ կենտրոնի» նախագահ Արփինե Հակոբյանը՝ կարևորելով սպասարկման ոլորտում մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը:
Նա իր խոսքում նշել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմի հետ քննարկումների արդյունքում՝ մարզի զարգացման համար՝ որպես առաջնահերթ ուղղություն է դիտարկվել զբոսաշրջությունը, և «ՀԿ կենտրոնն» իր ծրագրերի շրջանակներում լուրջ ուշադրություն է դարձնում ոլորտի զարգացմանը: Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ մեկնարկող այս ծրագիրը դրա տրամաբանական շարունակությունն է:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աոկի Յուտական նույնպես հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ դեսպանատունը սիրով համագործակցում է Լոռու մարզպետի աշխատակազմի և Լոռու մարզում գործունեություն ծավալող այլ պետական ու հասարակական կառույցների հետ՝ աջակցելով տարբեր ծրագրերի իրականացմանը: Նա նաև նշել է, որ դեսպանատունը մեծ պատրաստակամությամբ աջակցելու է նաև զբոսաշրջության զարգացմանը Լոռու մարզում:
Հովհաննես Ավետիսյանը մարզպետ Արամ Ղազարյանի անունից ողջունել և շնորհավորել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Փոխմարզպետը կարևորել է նման ծրագրերի իրականացումը Լոռու մարզում և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը, դեսպանատանն՝ ի դեմս դեսպան Աոկի Յուտակայի, Լոռու մարզում հերթական ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Նա նաև նշել է, Լոռու մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին: Փոխմարզպետ Հ. Ավետիսյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանն իրենց ելույթներում նշել են, որ զբոսաշրջությունը մարզի զարգացման ռազմավարական ուղղություններից է և ընդգծել են մարզում ոլորտի զարգացմանն ուղղված «ՀԿ կենտրոնի» ջանքերը:
Ներկաները հույս են հայտնել, որ մեկնարկող ծրագիրը նոր շունչ կհաղորդի Լոռու մարզում սպասարկման ոլորտի զարգացմանը։
Ծրագրի մեկնարկի պայմանագիրը ստորագրել են դեսպան Աոկին և Արփինե Հակոբյանը: