Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը դիտարկել է սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով իրականացվող աշխատանքները

01.10.2024

Ստեփանավան համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանը, փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի և Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել Ստեփանավանում, դիտարկել սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով իրականացվող աշխատանքները:
Մարզի ղեկավարը եղել է Ստեփանավանի քաղաքային այգու տարածքում: Այստեղ 2023թ. սուբվենցիոն միջոցներով իրականացվել են այգու և անցուղու հիմնանորոգման աշխատանքներ՝ շուրջ 333 մլն դրամ պայմանագրային արժեքով(45 տոկոս պետբյուջեի և 55 տոկոս համայնքային ներդրմամբ): Աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի՝ 322 մլն դրամ նախահաշվային արժեքով (40 տոկոս պետբյուջեի և 60 տոկոս համայնքային ներդրմամբ): Արդյունքում, Ստեփանավանը կունենա բարեկարգ, գեղեցիկ հարդարված և ժամանակակից կարուսելներով գեղեցիկ զբոսայգի, որը կգրավի ոչ միայն համայնքի, այլև մարզի բնակիչներին, զբոսաշրջիկների: Աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Արամ Ղազարյանն այցելել է նաև Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ, հետևել սուբվենցիոն միջոցներով այստեղ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը շուրջ 213 մլն դրամ է(50 տոկոս պետբյուջեի և 50 տոկոս համայնքային ներդրմամբ):
Մարզի ղեկավարը դժգոհություն է հայտնել և բազմաթիվ դիտարկումներ արել անորակ աշխատանքների հետ կապված, հանձնարարել արձանագրված խնդիրները և թերությունները վերացնել կարճ ժամկետներում:
Արամ Ղազարյանը հյուրընկալվել է նաև մշակույթի պալատի գեղարվեստական խմբակում, ծանոթացել դասապրոցեսին, զրուցել երեխաների հետ:
Հաջորդ կանգառը եղել է Ստեփանավանի թիվ 3 դպրոցում: Այն գտնվում է Աշոտաբերդ թաղամասում: Դպրոցը ՀՏԶՀ պատվիրատվությամբ կառուցվել է նորովի: Ծրագրի պայմանագրային արժեքը 1 մլրդ 424 մլն դրամ է:
Աշխատանքները հիմնականում ավարտված են: Դպրոցը նախատեսված է 430 աշակերտի համար:
Մարզի ղեկավարը այստեղ ևս որոշ դիտարկումներ է արել՝ հորդորելով կարճ ժամկետներում թերությունները շտկել:
Արամ Ղազարյանը եղել է նաև Աշոտաբերդ թաղամասի շինհրապարակում: Ավելի քան երեսուն տարվա սպասումներից հետո՝ ի վերջո թաղամասի՝ փայտաշեն շինություններում բնակվող բնակիչների համար կկառուցվեն բնակելի քարաշեն շենքեր: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ: Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում կկառուցվի 15 բնակելի շենք:
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն իրականացվել են 2023 թվականին: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 9 մլրդ 410 մլն դրամ է: 2024 թվականի համար նախատեսված է 600 մլն դրամի ներդրում: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել չորս տարում (1460 օր): Այժմ ընթացքի մեջ են փայտաշեն տնակների քանդման և շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Մարզի ղեկավարը շինկազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում նշել է, որ շինարարության ողջ ընթացքը լինելու է խիստ վերահսկողության ներքո՝ հորդորելով դրանք իրականացնել ժամկետներում և մեծ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին:
Ստեփանավան այցի ընթացքում Արամ Ղազարյանը և Արմեն Գրիգորյանը Ազատամարտիկների պուրակում ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին:
Աշխատանքային օրվա ավարտին Ստեփանավանի համայնքապետարանում ոլորտային պատասխանատուների հետ քննարկվել են շրջայցի արդյունքները, մարզի ղեկավարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49