Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին ՀՀ երկրապահ կամավորականները

23.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 20-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում ներկա է եղել ՀՀ երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի կողմից կազմակերպված՝ ՀՀ անկախության օրվան նվիրված հանդիսությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Վահան ավագ քահանա Ազարյանը, ՀՀ երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, երկրապահներ, հյուրեր:
Միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, ապա՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը:
Օրհնության խոսք է հղել տեր Վահան ավագ քահանա Ազարյանը: Նա շնորհավորել և իր խոնարհումն է հայտնել անկախության համար անձնվեր պայքար մղած հերոսներին՝ մաղթելով բարեկեցություն նրանց ընտանիքներին և խաղաղություն երկրին:
Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհավորել է միության անդամներին ՀՀ անկախության 33-ամյա տարեդարձի առթիվ՝ ընդգծելով նրանց անուրանալի ներդրումը ՀՀ անկախության կայացման գործում և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Նա իր խոնարհումն է հայտնել նաև հանուն անկախության, ազատության, հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին։
Մարզպետն իր խոսքում ընդգծել է միասնակա՛ն, համախմբվա՛ծ և միակա՛մ լինել անհրաժեշտությունը։
ՀՀ անկախության օրվա առթիվ երկրապահներին շնորհավորել է Կամո Հովհաննիսյանը և շնորհակալություն հայտնել նրանց մշտապես պետության կողքին լինելու, նվիրումի համար և խոնարհում հայտնել պատերազմի դաշտում ընկած հերոսների հիշատակին:
Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ և հայրենիքին մատուցած ծառայությունների համար մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալագրերով է պարգևատրել գնդապետ Կամո Հովհաննիսյանին, փոխգնդապետներ Արսեն Բարոյանին, Գևորգ Չիպուսովին, Վաչիկ Կռոյանին, շարքային Դավիթ Մարտիրոսյանին:
Մի խումբ երկրապահ կամավորականներ պարգևատրվել են նաև ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Նելսոն Ստեփանյան», «Ծովակալ Իսակով», «Գարեգին Նժդեհ», «Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով, ՀՀ ՊՆ պատվոգրերով, Երկրապահ կամավորականների միության վարչության մեդալներով, Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզի պատվոգրերով: Պարգևները հանձնել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և գնդապետ Կամո Հովհաննիսյանը:
Ամփոփելով միջոցառումը՝ մարզի ղեկավարը կրկին շնորհավորել է բոլոր երկրապահ կամավորականներին, պարգևների արժանացած հերոսներին և նշել, որ պատրաստ է աջակցելու նրանց ցանկացած հարցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38