Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության շրջանակներում քննարկվել են տարբեր ոլորտներում սերտ գործակցության հեռանկարները
23.09.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» կոմիտեի պատվիրակության ղեկավար Սերժ Խավեսյանին և ֆրանսիական «Գրուպ ՍոլԺես Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սեդեֆյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում սերտ գործակցության և ներդրումային ծրագրերի համատեղ իրականացման հեռանկարները:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ողջունել է հյուրերին, կարևորել հայ-ֆրանսիական համագործակցության արդյունավետությունը, կապերի ամրապնդումն ու խորացումը:
Արամ Ղազարյանը մարզի զարգացման համար՝ որպես առաջնահերթ խնդիրներ, առանձնացրել է 3 ուղղություններ՝
վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում նորարար արտադրության հիմնումը,
ներքին և արտաքին զբոսաշրջության խթանման նպատակով մարզում լեռնային տուրիզմի զարգացումը,
աղբի վերամշակման գործարանի հիմնումը:
- Լոռու մարզում զարգացման լուրջ հեռանկարներ կբացվեն և այս ծրագրերի իրագործմամբ՝ մի շարք խնդիրներ մարզում իրենց լուծումները կգտնեն: Այս նախագծերի իրագործման համար ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը, - ասել է մարզի ղեկավարը:
Ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչները հանդես են եկել հստակ առաջարկներով, մասնավորապես՝ քննարկվել են մարզում ջրածնի արտադրության կայանի հիմնման, հետագայում նաև՝ գործունեության ընդլայնման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համագործակցության ակտիվացման և գործնական քայլեր ձեռնարկելու:
Կողմերը քննարկել են նաև մարզում բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայրի կառուցման ծրագրի մանրամասները: Պատվիրակները հետաքրքրվել են առաջարկով և հույս հայտնել, որ այն կներկայացնեն ֆրանսիացի ներդրողներին:
Անդրադարձ է կատարվել նաև մարզում աղբի վերամշակման կայանի հիմնման անհրաժեշտությանը, աղբի վերամշակման եղանակների կարևորությանը, թափոնների կառավարման խնդիրներին:
Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այց են կատարել վերը նշված ծրագրերի՝ հնարավոր իրականացման վայրեր՝ ներկայացված խնդիրներին ծանոթանալու և համապատասխան ուսումնասիրությունների համար: