Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի այցը Ֆրանսիայի Հանրապետության Շամոնի քաղաք

19.09.2024

Մարզի ղեկավարը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով-2024»-ին (Summit of Minds):
Ինչպես հայտնի է, «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds) Ֆրանսիայի Շամոնի քաղաքում ամեն տարի անցկացվող հեղինակավոր միջոցառում է, որը համախմբում է քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի անձանց աշխարհի տարբեր երկրներից: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հարթակ է, որի հիմնական նպատակն է համաշխարհային առումով կարևոր հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը և դրանց գործնական կիրառման համար գործարար ներուժի համախմբումը:
«Մտքերի գագաթնաժողով-2024» (SUMMIT OF MINDS 2024) խորհրդաժողովում քննարկումներ են ծավալվել սոցիալական նորարարությունների, տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, հատկապես՝ «կանաչ» էներգիայի զարգացման, վերականգնվող գյուղատնտեսության (նորարարական լուծումներով ջրի և այլ ռեսուրսների նվազագույն օգտագործմամբ հողերի մշակում և հողերի դեգրադացման կանխում) և կայուն զարգացման թեմաներով։
Միջոցառման ընթացքում պարբերաբար ցուցադրվել է տեսաֆիլմ Լոռու մարզի զբոսաշրջային գրավչության և տնտեսական զարգացման հնարավորությունների մասին, ինչպես նաև մարզի զարգացման ծրագրային առաջարկներ՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Համաժողովին մասնակցությունը մարզպետ Արամ Ղազարյանին հնարավորություն է ընձեռել մի շարք կարևոր հանդիպումներ և քննարկումներ ևս ունենալու:
Մասնավորապես հանդիպումներ են եղել.
Գագաթնաժողովի հիմնադիր և կազմակերպիչ Թիերի Մալըրեի հետ քննարկվել է կազմակերպության ցանցում ներառված մասնագետներին մարզի կարիքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և նրանց փորձագիտական խորհրդատվությունն ու ներդրումային ներուժը օգտագործելու, ինչպես նաև 2025 թվականին մտքերի գագաթնաժողովը Լոռու մարզում կազմակերպելու հնարավորությունը: Նման հեղինակավոր միջոցառման անցկացումը Լոռու մարզում հնարավորություն կտա օտարերկրյա ներդրողների և միջազգային գործընկերների համար բացահայտելու մարզի ուժեղ կողմերն ու հնարավորությունները՝ ներգրավելով ներդրումներ և գործակցություն՝ տեղի արտադրողների հետ:
Միջազգային հեղինակավոր լրագրող Նիկ Գովինգի հետ քննարկվել է Լոռու մարզում Մտքերի գագաթնաժողովի հանդիպումը կազմակերպելու դեպքում Հայաստան այցելության և միջոցառման լայն լուսաբանման հնարավորությունը:
«Գուգլ» ընկերության նախկին ներկայացուցիչ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ամերիկյան գործարար Թեդ Սուդերի հետ քննարկվել են Հայաստան այցելության և Լոռու մարզին բարձր տեխնոլոգիաների ոլորտում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
Շվեյցարական սննդամթերքի արդյունաբերության ոլորտում առաջատար կազմակերպության տնօրեն Ջակոմո Կատանեոի հետ հանդիպմանը Լոռու մարզպետը քննարկել է Լոռու մարզում սննդի ոլորտում նորաստեղծ ձեռնարկատիրական նախաձեռնություններին խորհրդատվական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը։
«Գլոբալ ագրիֆուդ ալիանս» կազմակերպության գործադիր տնօրեն Ջեոաննա Գորդոնի հետ քննարկման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել օժանդակություն ցուցաբերելու մարզում գյուղատնտեսական մթերքների արտադրության քաղաքականության մշակման հարցում և համագործակցության հնարավորություններ ստեղծել «Գլոբալ ագրիֆուդ ալիանս» կազմակերպության ցանցում գործող ձեռնարկությունների հետ:
Մի շարք հեղինակավոր կազմակերպություններում քաղաքական և բիզնես հարցերով գլխավոր խորհրդատու Սեյջի Ինադայի (Ճապոնիա) հետ քննարկվել են Լոռու մարզի զարգացմանն ուղղված հնարավոր համագործակցության ուղղությունները։
Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև Եվրոպական խորհրդարանի անդամ Ջյութա Պաուլուսի հետ: Ի թիվս մի շարք հարցերի քննարկման՝ Ջյութա Պաուլուսը Լոռու մարզում մտքերի գագաթնաժողովի հանդիպումը կազմակերպելու դեպքում պատրաստակամություն է հայտնել նույնպես այցելելու Հայաստան:
Երկկողմ հանդիպումների ընթացքում Լոռու մարզի և մարզում իրականացվող տնտեսական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական նյութեր են տրամադրվել։
Մասնավորապես ներկայացվել են վերականգնվող էներիգիայի, սննդի արդյունաբերության և վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում Լոռու մարզի պոտենցիալը և ներդրումներ, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Հանդիպումների ընթացքում փոխհամաձայնություն է ձեռքբերվել ընդլայնելու գործակցությունը նշված ուղղություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38