Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ

18.09.2024

Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ մարզի ղեկավարը աշխատակազմին է ներկայացրել մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի նորանշանակ պետ Անի Բաղդասարյանին և Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության Անձնակազմի կառավարման բաժնի պետ Գալուստ Մելիքսեթյանին, շնորհավորել նրանց պատասխանատու պաշտոններ ստանձնելու կապակցությամբ, մաղթել աշխատանքային ձեռքբերումներ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մարզպետի՝ Ֆրանսիայի Հանրապետության Շամոնի քաղաքում կայացած «Մտքերի գագաթնաժողով 2024» համաժողովին մասնակցության, ինչպես նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի և Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի Թայյուան քաղաք գործուղման և ամենամյա «Էներգիայի ցածրածխածնային զարգացման ֆորումին» մասնակցության մանրամասները և այցերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները: Մարզպետը կարևորել է բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Քննարկվել է աղետի գոտում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար դիմումների ընդունման գործընթացը։ Ներկայացվել է, որ Թումանյանի, Փամբակի, Գյուլագարակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու համայնքային հանձնաժողովների կողմից հաստատվել է 226 դիմում, որոնց փաստաթղթային ուսումնասիրությունները, աղետի ժամանակ կազմված արձանագրությունները և աղետի փոխհատուցման ակտի ձևաչափը համադրել է նաև մարզային հանձնաժողովը։ Ակտը եռօրյա ժամկետում ներկայացվելու է հանրապետական հանձնաժողովին։
Անդրադարձ է կատարվել պետբյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզում իրականացվող քաղաքաշինական աշխատանքների ընթացքին: Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը զեկուցել է մարզում ընթացող շինաշխատանքների նկատմամբ իրականացվող մշտադիտարկման արդյունքների և արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Մարզի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ամենօրյա խիստ վերահսկողություն սահմանել մարզի համայնքներում իրականացվող ծրագրերի ուղղությամբ։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13