Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավը Վանաձորում

16.09.2024

Սեպտեմբերի 14-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որին իրենց ուրույն տաղավարներով ներկայացել էին Լոռու մարզի մշակութային օջախները: Մասնակցում էին մարզի դպրոցների աշակերտներն ու ուսուցչական կոլեկտիվները:

Ինչպես հայտնի է, ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի:
Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների, ազգային արժեհամակարգի ձևավորմանը:
Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին ներկայացվում է մարզի մշակութային ներուժը:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը,Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը:
Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջունեց և շնորհավորեց ներկաներին էքսպո-արշավի կայացման կապակցությամբ: Նա շնորհակալության խոսք հղեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը նման կարևոր միջոցառման նախաձեռնության, իսկ մարզի մշակութային օջախներին և դպրոցականներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
-Շատ կարևոր է, որ մեր դպրոցականները իրազեկ լինեն, թե ինչ հրաշալի մշակութային օջախներ են գործում մեր մարզում, հետագայում ցանկություն հայտնեն հաճախակի լինել այդ հաստատություններում, կարողանան առավել հաճախակի հաղորդակից դառնալ մշակույթին և արվեստին, մեր պատմությանն ու գրականությանը,-ասաց Գոռ Ասրյանը:
Ներկաները շրջեցին և ծանոթացան տաղավարներում ներկայացված ցուցադրություններին:
Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49