Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

10.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 9-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները:

Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը և համայնքների ղեկավարներն ըստ հարկատեսակների՝ ներկայացել են մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի 8 ամիսների կատարողական ցուցանիշները:

Մարզպետը համայնքապետերին հանձնարարել է հետևողական լինել տեղական տուրքերի և վճարների գծով մուտքերի ապահովման հարցում, սահմանել հսկողություն գործընթացին, որպեսզի թերակատարումները բացառվեն:

Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած քաղաքացիների խնդիրներին առնչվող հարցեր:

Մարզի ղեկավարը հորդորել է համայնքապետերին ակտիվորեն շարունակել հանդիպումները քաղաքացիների հետ, նրանց ներկայացնել պետական աջակցության ծրագրերը և հնարավորինս աջակցել պետության ընձեռած հնարավորություններից օգտվելու հարցում:

Անդրադարձ է կատարվել նաև հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած աղետի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև փոխհատուցման գործընթացին:

Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը նշել է, որ կառավարության պետական աջակցության ծրագրով աղետի գոտու բնակարանների կամ անհատական տների վերանորգման և առաջնային գույքի ձեռքբերման համար 48 շահառու արդեն ստացել է փոխհատուցում: Դիմումների ընդունման գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը:

Ավարտվել է աղետի հետևանքով գյուղատնտեսությանը պատճառված վնասի գույքագրումը: Պետության կողմից աջակցություն ստանալու համար փոխհատուցման դիմում է ներկայացրել շուրջ 258 անձ: Նրանց փաստաթղթերը ստուգման փուլում են:

Տնտեսվարողներին փոխհատուցելու նպատակով դիմումների ընդունման գործընթացը ևս շարունակվում է:

Մարզպետը հանձնարարել է աջակցել աղետից տուժած բոլոր քաղաքացիներին՝ փաստաթղթերի ընդունման և փոխհատուցման ողջ գործընթացը պատշաճ կազմակերպելու հարցում:

Արամ Ղազարյանը հանձնարարել է նաև համայնքապետերին հանդիպումներ ունենալ բնակիչների հետ և նրանց հետ քննարկումների արդյունքում՝ պարզել և ներկայացնել համայնքային խնդիրների 3 առաջնահերթություններ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն և, որոնց լուծումը զգալիորեն կնպաստի համայնքի զարգացմանը:

Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներին և համայնքների ղեկավարներին հանձնարարվել է առավել վերահսկողություն իրականացնել՝ բացառելով ցանկացած կոռուպցիոն դրսևորում:

Քննարկվել է նաև ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական ամբողջական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:

2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում միջգերատեսչական հանձնաժողվի կողմից հաստատվել է 29 ծրագիր: Որոշ համայնքներում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքները, որոշ ծրագրերի մրցութային և պայմանագրերի կնքման գործընթացներն ընթացքի մեջ են:

Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը նշել է, որ այս պահին մարզում ընթացքի մեջ են 2022-2023 թթ. սուբվենցիոն ծրագրերից 30-ը, որոնց ավարտը նախատեսված է մինչև 2024 թ-ի նոյեմբեր ամիսը։

Ռ. Մարգարյանը նշել է, որ կատարվում է շինաշխատանքների ամենօրյա մշտադիտարկում, արձանագրված թերությունների մասին տեղեկացվում է կապալառու կազմակերպությանը։ Հիմնականում արձանագրված թերությունները կապված են աշխատանքների որակի, ժամկետների կամ նախագծային շեղումների հետ։

Մարզպետը հորդորել է ամենօրյա հսկողություն սահմանել պետական միջոցների նպատակային օգտագործման և կատարվող շինարարական աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև համայնքներում իրականացվող աղբահանությանը: Մարզի ղեկավարը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել և հետևողական վերահսկողություն սահմանել գործընթացին:

Քննարկվել են նաև նախորդ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարակաների կատարման արդյունքները:

Տրվել են նոր հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13