Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ալավերդիում կայացել է Սանահին կայարան թաղամասի կամրջի բացման արարողությունը
09.09.2024
Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Բացման արարողությանը ներկա էին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ։
Գնել Սանոսյանը հատկապես ընդգծել է այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է մշտապես Հայաստանի կողքին լինելու պատրաստակամության մասին։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ևս շնորհակալություն է հայտնել բոլոր կողմերին աղետի գոտու վերականգնման աշխատանքներում ակտիվ և գործուն աջակցության համար։ Հիշեցնենք, որ Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` մայիսի 26-ին, Դեբեդ գետի վարարման պատճառով։
Կամրջի բացումից հետո դեսպանի հետ Ալավերդու համայնքապետարանում անց է կացվել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։