Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվել են Սպիտակ համայնքում պետության ամբողջական ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

03.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ օգոստոսի 30-ին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներն աշխատանքային այց են կատարել Սպիտակ համայնք, դիտարկել պետության ամբողջական ֆինանսավորմամբ և պետություն-համայնք համագործակցության ծրագրերով իրականացվող ընթացիկ աշխատանքները:

Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ նրանք նախ այցելել են

Լեռնավան բնակավայր, շրջայց կատարել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» կառավարության ծրագրի շրջանակներում Լեռնավանում կառուցվող «մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի շինհրապարակում:

Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար: Ծրագրի արժեքը 172 միլիոն դրամ է, շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականին:

Պաշտոնյաները հետևել են ընթացիկ աշխատանքներին: Շինարարությունն այստեղ ընթանում է նախատեսված ժամկետներին և նախագծերին համապատասխան:

Նույն ծրագրի շրջանակներում նմանատիպ մանկապարտեզ է կառուցվում նաև Սպիտակ քաղաքում: 2024 թվականի աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 107 միլիոն դրամ: Պաշտոնյաներն արձանագրել են, որ աշխատանքային տեմպերն այստեղ գոհացուցիչ չեն, հանձնարարվել է մարդկային և նյութական ռեսուրսներ կենտրոնացնել աշխատանքները ժամկետներում և որակով ավարտելու համար:

Դիտարկվել են նաև պետության ամբողջական ֆինանսավորմամբ Սպիտակի ՄՍԾ տարածքային կենտոնի կառուցման աշխատանքները, հայտնաբերվել են ներքին, արտաքին հարդարման և տարածքի ասֆալատպատման թերություններ:

Հովհաննես Ավետիսյանն ընդգծել է, որ ընթացող շինաշխատանքները շարունակվելու են խիստ վերահսկվել, պետական միջոցներով իրականացվող ծրագրերում թերությունները պիտի բացառվեն:

Պաշտոնյաները եղել են նաև Սարամեջ բնակավայրում, որտեղ էլ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է ոռոգման ջրամբար։ Ծրագրի ընդհանուր արժեքը 222 միլիոն 900 հազար դրամ է:

Շրջայցը շարունակվել է Սպիտակ բնակավայրի նոր կառուցվող ավտոկայանատեղիի տարածքում: Աշխատանքներում առկա են եղել թերություններ, որոնց վերացման մասով տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Պաշտոնյաները հետևել են նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող Սպիտակի քաղաքային զբոսայգու կառուցման աշխատանքներին, 1-ին փուլի աշխատանքները գրեթե ավարտական փուլում են՝ ժամանակացույցին համապատասխան: Ծրագրի ընդհանուր արժեքը 42 միլիոն 500 հազար դրամ է:

Սպիտակում նաև պետության ամբողջական ֆինանսավորմամբ նոր բնակելի շենք է կառուցվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 462 միլիոն դրամ է:

Այստեղ ևս արձանագրված թերությունների մասով կատարվել են դիտարկումներ։

Հովհաննես Ավետիսյանը կարևորել է պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը և աշխատանքներում բարձր որակի ապահովումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13