Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում հնչել է դպրոցական առաջին զանգը
02.09.2024
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ դպրոցականներին և մանկավարժներին շնորհավորելու նպատակով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 և Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցներ, ներկա եղել տոնական միջոցառումներին: Մարզի ղեկավարին ուղեկցել է Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը:
Շնորհավորելով մանկավարժներին և աշակերտներին՝ Արամ Ղազարյանը մաղթել է հաջողություններով լի ուսումնական տարի և դպրոցական վառ հիշողություններ:
- Կառավարությունը ջանք չի խնայում կրթական համակարգի արդիականացման, կրթության որակի բարձրացման, դպրոցական պայմանների բարելավման համար: Այսօր էլ մեր մարզում դպրոցաշինական լայնածավալ աշխատանքներ են ընթացքի մեջ: Մաղթանքս մեր բոլոր դպրոցականներին մեկն է՝ լավ սովորել, լավ մարդ և մեր երկրին ու պետականությանը նվիրված քաղաքացի մեծանալ: Հարուստ գիտելիքներով զինվելը ձեր պարտքն է հայրենի պետության ու հարազատ ժողովրդի հանդեպ: Դուք այն սերունդն եք, որ իրագործելու եք ավագների ամենանվիրական տեսլականները՝ հայրենիքի հզորացում, բարեկեցություն, արժանավոր տեղ՝ քաղաքակիրթ երկրների շարքում: Բարի՛ երթ ձեզ ,- ասել է մարզի ղեկավարը:
Մարզպետն առանձնահատուկ շնորհավորել է առաջին դասարանցիներին նոր կյանք մտնելու կապակցությամբ և սիրով հիշել իր դպրոցական տարիները: Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 դպրոցը մարզպետ Արամ Ղազարյանի հարազատ կրթօջախն է:
Միջոցառման ընթացքում դպրոցների տնօրենները խոսել են իրենց ուսումնական հաստատությունների հաջողությունների մասին, նշել, որ պարբերաբար մասնակցում են տարբեր կրթական մրցույթների, հաղթանակներ և հաջողություններ գրանցում:
Նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանն իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և տարբեր ծրագրերով դպրոցների զարգացմանը նպաստելու համար:
Տեղեկացնենք, որ մարզի 145 դպրոցներում հայտագրվել են շուրջ 2600 առաջին դասարանցիներ: