Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել

27.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը օգոստոսի 26-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և պետական միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ Նշվել է, որ ներկա պահին մարզում ընթացքի մեջ են 35 սուբվենցիոն և պետական միջոցներով իրագործվող ծրագրեր, որոնք ներառում են քաղաքաշինական, ճանապարհաշինական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված բազաթիվ այլ աշխատանքներ:

Մարզի ղեկավարը կարևորել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող բոլոր ծրագրերի՝ շինարարական նախագծերին համապատասխան և բարձր որակով իրականացումը, արձանագրված թերությունների վերացումը, ժամկետների հստակ պահպանումը: Նա պատասխանատուներին հանձնարարել է հետևողական վերահսկողություն սահմանել:

Արամ Ղազարյանը հանձնարարել է նաև սեղմ ժամկետներում առաջարկներ ներկայացնել մարզում բնակարանային ապահովման կարիք ունեցող անձանց (առաջնահերթ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած) բնակարանային խնդիրների լուծման համար:

Անդրադարձ է կատարվել նաև Լոռու մարզում առկա համայնքային, հանրապետական և միջպետական ճանապարհների հարակից գոտիներում կառուցված շինությունների օրինականության հետ կապված հարցերին:

Մարզպետը հանձնարարել է համապատասխան մասնագետներին կատարել ուսումնասիրություններ, ներկայացնել արձանագրված խախտումները:

Արամ Ղազարյանը հանձնարարել է նաև դիտարկել վերոհիշյալ ճանապարհները սպասարկող կազմակերպությունների գործունեությունը՝ ուշադրություն դարձնելով ճանապարհների պահպանման, պատշաճ սպասարկման՝ կահավորման և մաքրման աշխատանքներին:

Օրակարգի շրջանակներում, սեպտեմբերի 1-ին ընդառաջ, քննարկվել են նոր ուսումնական տարվա գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ մարզային ենթակայության դպրոցները պատրաստ են պատշաճ դիմավորելու նոր ուսումնական տարին:

Անդրադարձ է կատարվել աղետի գոտում տարվող ենթակառուցվածքների վերականգնմանը, գյուղատնտեսությանը, ՏԻՄ-երի հետ տարվող աշխատանքներին և համայնքներում փողոցային առևտրի կանոնակարգմանը վերաբերող հարցերին:

Տրվել են նոր հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13