Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցություն և կրթական էքսպո՝ Լոռու մարզում

21.08.2024

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որն ուղեկցվել է «Կրթական էքսպո» միջոցառմամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍ նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Քննարկվել և ամփոփվել են նախորդ ուսումնական տարվա արդյունքները և առաջիկա անելիքները:

Մարզի ղեկավարը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ 2024 թվականին կազմակերպված դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում Լոռու մարզն ունեցել 71 մրցանակային տեղ: Արամ Ղազարյանը շնորհավորել է տարվա ընթացքում տարբեր մրցույթներում լավագույնը ճանաչված մանկավարժներին, տնօրեններին, հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաներից հաղթանակներով վերադարձած աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Մարզպետը կարևորել է, հանրակրթության ընդհանուր մակարդակի բարձրացման հարցը և ընդգծել ուսուցիչների կամավոր ատեստավորման տեմպերի ավելացման անհրաժեշտությունը:

- Մարզի կրթական համակարգի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների թափուր հաստիքների համալրումն է համապատասխան մասնագետներով: Այս պահին մարզում առկա է 403 թափուր հաստիք, բացի այդ կարևորում եմ նաև թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների համար բարեկարգ և բոլոր չափանիշներին համապատասխան դպրոցական պայմանների ապահովումը, որի հնարավորությունը մեզ տալիս է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, - ասել է Արամ Ղազարյանը և տեղեկացրել նաև, որ մարզի թվով 14 մանկապարտեզի համար գույքի պահանջարկ է ներկայացվել ՀՀ ՏԿԵ նախարարությանը և տվյալ մանկապարտեզներն առաջիկայում կստանան համապատասխան գույք:
Արաքսիա Սվաջյանն իր ելույթում ամփոփել է Լոռու մարզի կրթական տարվա արդյունքները և ներկայացրել միասնական քննությունների և բուհերի ընդունելության Լոռու մարզի վիճակագրությունը:
«Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից ստացված ամփոփ տվյալների համաձայն՝ Լոռու մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին այս տարի միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել 1092 դիմորդ: Հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 795 դիմորդ (76,4%): Լոռեցի դիմորդներն ամենաշատն ընդունվել են հետևյալ բուհերը՝ ՎՊՀ (287), ԵՊՀ (103), ՀԱՊՀ ՎՄ (61), ՀՊՏՀ (58), ԵՊԲՀ (44) և այլն:
-2024 թ.-ին Լոռու մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտություններն են «Իրավագիտություն», «Կառավարում», «Անգլերեն և գրականություն », «Բուժական գործ», «Սերվիս» մասնագիտությունները: Լոռու մարզից 15 դիմորդ ընդունվել է տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններով ուսանելու համար, որոնցից 8-ը ՝ «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ,- նշել է նախարարի տեղակալը:

Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացրել է տեսչական մարմնի կողմից ուսումնական տարվա ընթացքում Լոռու մարզի 9 դպրոցներում կատարված ստուգումների արդյունքները, արձանագրված խախտումների վերացմանն ուղղված առաջնահերթությունները:
Ուսպլանի ձևավորման կարևոր դրույթներին և վերահսկողության մեխանիզմներին է անդրադարձել ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:
Ներկաները ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրները:
Էքսպոյի շրջանակներում ներկայացվել են Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ 2024թ. հունվարից մեկնարկած հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակներում հաղթող ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբակավարների կրթական նախագծերը, որոնց հեղինակները գործընկերների հետ կիսվել են իրենց լավագույն փորձառությամբ: Կրթական ցուցահանդեսի ընթացքում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով են պարգևատրվել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված աշխատակիցները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:04:13