Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Կառավարության օգոստոսի 15-ի նիստում ընդունվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների հերթական փաթեթը

15.08.2024

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2024 թվականի Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած տնտեսավարողների առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը պահպանման նպատակով։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրվել է «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի» կողմից։ Հեղեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսավարողների ցանկերը ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, տնտեսավարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի առանձնացվել են 3 չափի վնաս կրած տնտեսավարողները։ Որոշմամբ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն տրամադրել նաև բնակության համար չնախատեսված շինությունների վնասման համար՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով։ Ընդ որում, որոշման շրջանակում բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։ Որոշմամբ առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն միանվագ դրամական աջակցության միջոցով թեթևացնել տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստել բնականոն գործունեության, մարզերում համաչափ տնտեսական ակտիվության վերականգնմանը։

Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։
Սույն կարգով վնասի փոխհատուցման շահառու է հանդիսանում՝
1. համայնքների տնտեսությունների գրքերում (բացառությամբ ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, որի դեպքում պետք է լինի համայնքում հաշվառված, ջրօգտագործման և ջրահեռացման թույլտվություն ունեցող, արդյունագործական ձկնաբուծական գործունեություն իրականացնող տնտեսություն) հաշվառված (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված) և 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման (գույքագրման) համայնքային հանձնաժողովների (այսուհետ՝ համայնքային հանձնաժողովներ) կողմից կազմված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովներում (այսուհետ՝ մարզային հանձնաժողովներ) քննարկված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով։
2. համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված (բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիածանափայլ իշխանի մայրական կազմի), սակայն համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարի 50 տոկոսի չափով։
3. տնամերձ հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է մեկ հողամասի (անկախ տնամերձ հողամասի մակերեսից) հաշվով՝ 150 000 դրամի չափով։
4. գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով։ 5. գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի բացակայության պայմաններում հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով օգտագործվող հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է փոխհատուցման ենթակա գումարի 30 տոկոսի չափով։

Տարերային աղետի հետևանքով անկած, կորսված գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մեղվաընտանիքների արժեքի և փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար կիրառվել են հետևյալ սկզբունքները․

• Խոզերի արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվել է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (խոզերի համար 60%), որոշվել է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ խոզի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։

• Խոշոր եղջերավոր կենդանիների արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվում է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (տավարի համար՝ 50%), որոշվում է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ տավարի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։

• Մանր եղջերավոր կենդանիների արժեքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել 1 գլխի հաշվով ստացվող մսեղիքի իրացման արժեքը։

• Մեղվափեթակի, ճագարների, թռչունների արժեքը հաշվարկելու համար հիմք է ընդունվել 1 միավորի միջին շուկայական արժեքը։

Հաշվի առնելով, որ ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի կորուստը արձանագրվում է ըստ ծառի քանակի, նախագծով փոխհատուցումը դիտարկվել է ըստ տնկանյութի արժեքի, ծառի տնկման և հողախառնուրդի արժեքի և խնամքի ծախսերի (տնկանյութի արժեքը` շուրջ 800 դրամ, տնկում և հողախառնուրդ՝ շուրջ 200 դրամ, 1 տարվա խնամքի ծախսեր՝ շուրջ 1500 դրամ, 5 տարվա համար՝ 7500 դրամ), որը կկազմի շուրջ 8500 դրամ 1 ծառի հաշվով, իսկ վնասվածի դեպքում՝ շուրջ 1500 դրամ 1 ծառի հաշվով: Ինչ վերաբերում է միամյա բույսերին, ապա փոխհատուցումը դիտարկվել է ըստ մշակաբույսերի տեսակների 1 հա-ի վրա կատարվող աշխատանքների համար նախատեսված ծախսերի հաշվով։ Այսպես, համաձայն օպերատիվ տեղեկատվության, բանջարային մշակաբույսերի համար 1 հեկտարի հաշվով կատարվող ծախսերը կազմում են շուրջ 1,7 մլն դրամ, կարտոֆիլինը՝ 1,5 մլն դրամ, եգիպտացորենը՝ 500 000 դրամ և այլն։ Հաշվի առնելով, որ վնասված տարածքները հիմնականում փոքր հողատարածքներ են, ապա փոխհատուցվող գումարի հաշվարկը կատարվել է հիմնականում քմ-ի հաշվով։ Տնամերձ հողամասերի համար հաշվարկը կատարվել է ընդամենը 700 քմ մակերեսով տնամերձ այգու հիմնման, առաջին տարվա խնամքի և 1 տարվա ակնկալվող բերքից ստացված 50% եկամուտի հաշվով։
Անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, որ փոխհատուցումը պետք է իրականացվի ծխամատյաններում հաշվառված անասնագլխաքանակին համապատասխան, իսկ եթե հաշվառված չեն, ապա փոխհատուցումը կիրականացվի կիսով չափ: Այս առումով նույնպես վարչապետը նշել է, որ սահմանված կարգերը պահելը շատ կարևոր է, այդ թվում՝ այսպիսի օրերի համար:

Կարգավորվում են աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ հաստատված հավելվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառվել են վնասներ, ուստի որոշմամբ առաջարկվում է սահմանել տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ տրանսպորտային միջոցի վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշել ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ, որն արժանահավատ փոխհատուցման չափ կերաշխավորի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար: Ընդ որում, նախատեսվում է, որ փոխհատուցման հիմքում դրվում են այն կազմակերպությունների եզրակացությունները, որոնք փորձաքննություն իրականացնում և եզրակացություն տալիս են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից փորձագիտական ծառայությունների ձեռքբերման շրջանակներում: Միաժամանակ, որոշմամբ կանոնակարգվում են փոխհատուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով փոխհատուցման կարգը:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետևանքով վնասվել են կամ կորսվել են:

Անդրադարձ է կատարվել նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված ևս մեկ որոշման, որը վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման միջոցառումներին: Ըստ ընդունված որոշման, որոշմամբ կարգավորվում են 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն տրամադրել նաև բնակության համար չնախատեսված շինությունների վնասման համար՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝

ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով,
բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով։ Ընդ որում, որոշման շրջանակում բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։

Անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված նախորդ որոշումների ընթացքին

Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է տուժած բնակարանների նորոգման ծրագիրը, որի կապակցությամբ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է. «Ըստ ընթացակարգի, համայնքային հանձնաժողովները պետք է տեղեկատվություն ներկայացնեին մարզպետներին, մարզպետները՝ արդեն նախարարության հանրապետական հանձնաժողով։ Տվյալները նախարարության մակարդակով ամփոփվել են, 269 գույքի հետ գործ ունեինք, բայց սրա հիման վրա, կհիշեք, որ մենք սեփականատերերին ենք հատուցում տալիս և հետևապես՝ մեր քաղաքացիները դիմումներով պետք է նաև որոշակի ապացույցներ ներկայացնեն, որ իրենք են հենց շահառուները։ Ըստ այդմ, մարզպետի աշխատակազմն էլ այս տեղեկատվությունը համակարգում են ՔԿԱԳ գործակալության ինֆորմացիայի հետ, բնակչության պետական ռեգիստրի, կադաստրի կոմիտեի տեղեկատվության հետ և դրա հիման վրա մարզպետը համապատասխան որոշում է կայացնում։ Հուսով եմ, որ ամփոփ տվյալների արդյունքում առաջիկա օրերին վերջնական որոշումները կկայացվեն»: Վարչապետը հանձնարարել է անդրադառնալ հարցին՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է անել գործընթացն արագացնելու համար:
Հաջորդիվ՝ Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե վթարային շենքերի հետ կապված աշխատանքներն ի՞նչ փուլում են: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է. «Մեկ շենք է՝ 16 բնակարան, որոշակի քննարկումներ, հարցեր և դժգոհություն կա՝ կապված հատուցման գումարի և շուկայում առկա բնակարանային արժեքների միջև։ Այստեղ էլ քննարկում ունենք, որ այս դեպքում առանձին աջակցության մեթոդ նախատեսենք, ինչպես եղել է մյուսների պարագայում՝ վերանորոգման և գույքի համար վճարում։ Գուցե այս դեպքերում, այդպիսի առանձին աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք տվյալ բնակարանների գնման վկայագրերով բնակարան ձեռք բերեն և վերանորոգեն»: Այս առումով վարչապետը նշել է, որ պետք է բացառել այնպիսի մեխանիզմը, որ մարդիկ բնակարանների գնման վկայագրերը վերցնեն և շարունակեն բնակվել այդ վթարային տներում: «Պետք է բացառել: Այսինքն՝ հարցը լուծվում է, այդ շենքը պետք է քանդվի, որպեսզի հետագայում խնդրի առաջ չկանգնենք»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի հարցին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ենթակառուցվածքների մասով, ՏԿԵ նախարարը ներկայացրել է. «Միակ թաղամասը կամ հատվածը, որտեղ մեքենաներով հասանելիություն չկա, դա Ալավերդի-Սանահին կայարան թաղամասն է։ Քարկոփի պարագայում կամուրջը վերանորոգված չէ, բայց Ախթալայի կամուրջը կա, ուղղակի ճանապարհը մի քիչ երկար է։ Այսինքն՝ միակ տարածքը, որտեղ մեքենայի հասանելիություն չկա, Սանահին թաղամասն է, որտեղ հենց այս պահին կամուրջ է հավաքվում, որը մեքենաների համար է և հետիոտների։ Բավական լավ կառույց է լինելու, նախնական տրամադրվածությունը ժամանակավոր է, բայց կտեղադրենք կտեսնենք, եթե հարմարավետ լինի իր լուծումներով, չի բացառվում, որ ինքը կարող է նաև որպես հիմնական կամուրջ ծառայել։ Հիմա ակտիվ աշխատանք է գնում, օգոստոսի վերջ նախատեսվում է, որ պատրաստ կլինի»:
Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել նաև տվյալ պահին ենթակառուցվածքային ամբողջ համակարգի վերաբերյալ: Ըստ նրա զեկույցի՝ երկաթուղին ամբողջովին վերականգնված է, Մ-4 և Մ-6 ճանապարհների բոլոր փլուզված հատվածները ժամանակավոր վերականգնված են, տեղեր կան, որ ասֆալտապատ շերտը տեղադրված է, ամբողջ թողունակությամբ գործում են, կարող են երթևեկել և՛ մարդատար, և՛ բեռնատար ավտոմեքենաները: Միակ հատվածը, որ դեռ միակողմանի է և որտեղ հավելյալ աշխատանք պետք է իրականացվի, Այրումի հատվածն է, որտեղ Վեոլայի խողովակը վնասված է: Ինչ վերաբերում է կամուրջներին, ՏԿԵ նախարարը զեկուցել է, որ Սանահինի կամուրջի աշխատանքները մինչ ամսվա վերջը կավարտվեն, Ախթալայի կամուրջը գործում է, սակայն կա թողունակության սահմանափակում՝ նախատեսված է մինչև 25 տոննայի համար: Շուտով կտեղադրվի նոր մետաղական կամուրջ, որը կունենա 35 տոննա թողունակություն: Մնացած կամուրջների հետ կապված՝ նշվել է, որ միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցությամբ կա մոտավոր պատկեր, թե որտեղ ինչ պետք է տեղադրվի: Այս առումով՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ուշադրություն դարձնել նաև այդ կամուրջների գեղագիտության հարցին:
Վարչապետն անդրադարձել է նաև գետերի հուների մաքրման ընթացակարգերի պարզեցման, գետերի սև կետերի տեղորոշման և հենապատերի կառուցման հետ կապված հարցերին, ընդգծել այդ հարցերի լուծման հրատապությունը՝ կապված աշնանային անձրևների հետևանքով հնարավոր հեղեղումների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49