Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնվել է «Հույս Հայաստանի համար» կազմակերպության և Սպիտակ համայնքի բարեկամության 30-ամյակը
14.08.2024
«Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը Սպիտակ համայնքի հետ 30-ամյա բարեկամության առթիվ երկօրյա փառատոն էր կազմակերպել Սպիտակում:
Սպիտակի մշակույթի պալատում անցկացվող տոնական միջոցառմանը մասնակցում էր և ներկաներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջույնի խոսք հղեց մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:
Նա կարևորեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության նախաձեռնությամբ Լոռու մարզում, մասնավորապես՝ Սպիտակ և Ստեփանավան համայնքներում իրականացված բարեգործական ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ գործակցությունը շարունակական բնույթ կկրի: Նա իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպության հիմնադիրներին և ներկայացուցիչներին՝ ի դեմս Ժիլբեր Լևոնյանի:
«Հույս Հայաստանի համար» կազմակերպությունը Լոռու մարզում բարեգործական ծրագրեր է իրականացնում արդեն 30 տարի: 1988թ. երկրաշարժից հետո կառուցվել է Սպիտակի թիվ 2 դպրոցի շենքը, հետագա տարիներին՝ մարզահրապարակը, այստեղ ընթացիկ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ ևս իրականացվել են, դպրոցի աշակերտների համար կազմակերպվել են ամառային ճամբարներ և այլն: Կազմակերպության աջակցությամբ Սպիտակում և Արևաշողում բացվել են նաև բարեգործական ատամնաբուժարաններ՝ երեխաների համար, Ստեփանավանում՝ բարեգործական ճաշարան և այլն: Մեծ աջակցություն է ցուցաբերվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչ Ժիլբեր Լևոնյանը: Ներկայացնելով կազմակեպության նախաձեռնությամբ և մի շարք բարերարների ու կառույցների աջակցությամբ մարզում իրականացված ծրագրերը՝ նա իր երախտագիտությունը հղեց բոլորին՝ ընդգծելով նաև Լոռու մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի հետ սերտ գործակցության կարևորությունը:
Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով և շնորհավորանքի ելույթներով: