Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը անակնկալ այցով եղել է Վանաձորի բժշկական կենտրոնում

13.08.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ օգոստոսի 13-ին անակնկալ այց է կատարել Վանաձորի բժշկական կենտրոն: Մարզի ղեկավարը բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Մեսրոպ Հազրոյանի հետ շրջայց է իրականացրել բուժկենտրոնում, ծանոթացել տրամադրվող բուժծառայությունների որակին, ընդհանուր կարգապահական հարցերին, քաղպաշտպանությանն ու անվտանգության կանոնների պահպանմանը, տեղում զրուցել բուժառուների և նրանց հարազատների հետ, հետաքրքրվել՝ ինչպե՞ս են գնահատում նրանք բուժծառայությունների որակը և բուժանձնակազմի վերաբերմունքը:
Մարզի ղեկավարը մասնավորապես հետևել է ընդունարանի աշխատանքին, ֆիզիոթերապիայի և վերականգնողական բժշկության կենտրոնի, հեմոդիալիզի, ընդհանուր թերապևտիկ բաժանմունքների գործունեությանը, հանգամանորեն ծանոթացել մատուցվող բուժծառայությունների ընթացքին, որակին, առկա խնդիրներին, վճարովի բուժծառայությունների մատուցման հետ կապված՝ ծանոթացել նաև վճարման կարգին:
Բուժառուների կողմից մարզի ղեկավարը դրական արձագանքներ է ստացել մատուցվող բուժծառայությունների որակի և բուժանձնակազմի վերաբերմունքի հետ կապված:
Այսուհանդերձ, մարզի ղեկավարը տեղում արձանագրել է որոշ խնդիրներ: Տրվել են հանձնարարականներ բնակչության խնդիրներին առավել արագ արձագանքելու, օպերատիվ գործելու, սանիտարական անթերի պայմաններ ապահովելու, ինչպես նաև անմիջապես բուժհաստատության մուտքից բուժառուներին պատշաճ դիմավորելու և ըստ անհրաժեշտության ուղղորդելու, առաջին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Մարզի ղեկավարը հույս է հայտնել, որ կարճ ժամկետներում թերությունները կշտկվեն: Արամ Ղազարյանը բուժանձնակազմի և բուժառուների հետ զրույցի ընթացքում նշել է, որ աշխատանքներ են տարվում բժշկական կենտրոնը ժամանակակից բուժսարքավորումներով համալրելու ուղղությամբ, ինչը կնպաստի առավել որակյալ բուժծառայությունների մատուցմանը:
Արամ Ղազարյանը ծանոթացել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնում անցկացվող՝ 2-ամսականից մինչև 5 տարեկան երեխաների մանկական հիվանդությունների ինտեգրացված բուժմանը նվիրված վերապատրաստման դասընթացի ընթացքին: Վերապատրաստման 5-օրյա դասընթացին մասնակցում են Վանաձորի համաբուժարանների մանկաբույժներ և ընտանեկան բժիշկներ: Մարզպետը կարևորել է վերապատրաստման դասընթացներում բուժման արդի մեթոդների վերաբերյալ տեղեկատվության հաղորդումը և դասընթացների արդյունավետությունը:
Անակնկալ այցերը բժշկական հաստատություններ և այլ կառույցներ շարունակական բնույթ են կրելու՝ ի շահ բնակչության, Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:08:50