Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղատնտեսական համատարած հաշվառումը կիրականացվի2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը
12.08.2024
Օգոստոսի 9-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման Լոռու մարզային հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գևորգյանը, Գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վրեժ Մանուկյանը, ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային ոստիկանության վարչության պետի պարտականությունները կատարող, գնդապետ Մհեր Վանյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման պետ Տաթևիկ Սարգսյանը, համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների աշխատակազմերի և այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արամ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին, կոմիտեի ներկայացուցիչներին նիստի անցկացման նախաձեռնության համար՝ նշելով, որ այն կարևոր է մի շարք հարցերի պարզաբանման տեսանկյունից:
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Լոռու մարզպետին և գյուղատնտեսական համատարած հաշվառման մարզային հանձնաժողովին՝ նման ընդգրկուն միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ պատրաստակամություն ցուցաբերելու համար։
Նա ներկայացրեց 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Ստեփան Մնացականյանն իր խոսքում ընդգծեց հատկապես գործընթացի կազմակերպման հարցում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցության անհրաժեշտությունը: Մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվում է օժանդակություն՝ ինչպես նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, այնպես էլ՝ հաշվառման բուն գործընթացի անցկացման հարցում: Կարևորվեց նաև ոստիկանության ներգրավվածությունը գործընթացում:
Նա նշեց, որ հաշվառման արդյունքում զգալիորեն կբարելավվի գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը և կձևավորվի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական համակարգ:
Ներկաները կոմիտեի նախագահին և մարզային հանձնաժողովին հարցեր ուղղելու հնարավորություն ևս ունեցան՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նախատեսվող աշխատանքները բովանդակալի ներկայացնելու համար և վստահեցրեց, որ և՛ նախապատրաստական աշխատանքները, և՛ հաշվառման բուն գործընթացը մարզում կկազմակերպվի բարձր մակարդակով: