Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պարգևատրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխօգնության համար նշանով
02.08.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն օգոստոսի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի գծակայանային միավորումում ներկա է եղել Երկաթուղայինների օրվան ընդառաջ կազմակերպված տոնական միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմական կապի ծառայության պետ Սահակ Սահակյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխադրումների տնօրենության «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, այլ պաշտոնատար անձինք:
Մարզի ղեկավարը շնորհավորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցներին, բոլոր երկաթուղայիններին առաջիկա մասնագիտական օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, ձեռքբերումներ կյանքում և աշխատանքում: Նա իր խոսքում կարևորել է հատկապես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակազմի, երկաթուղայինների մեծ դերակատարությունը մարզին պատուհասած աղետի օրերին ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների արագ վերականգնման գործում:
Արամ Ղազարյանը մարզպետի շնորհակալագրերով է պարգևատրել «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանին, մի խումբ երկաթուղայինների՝ «Երկաթուղայինների օրվա» կապակցությամբ և Ալավերդի-Այրում հատվածում Հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքների վթարավերականգնողական աշխատանքներում բարեխղճություն, նվիրում և մեծ ջանքեր ցուցաբերելու համար:
Շնորհավորանքի և ողջունի խոսքով հանդես են եկել նաև Արմեն Սիմոնյանը, Ալեքսեյ Մելնիկովը, Մաքսիմ Սելեզնյովը, Սահակ Սահակյանը, Դավիթ Ղումաշյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի անունից՝ Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը և այլ պաշտոնյաներ: Նրանք իրենց խոսքում կարևորել են երկաթուղայինների մեծ ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում և երախտագիտության խոսք են հղել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ այն աշխատակիցներին և երկաթուղայիններին, ովքեր օպերատիվ կերպով մասնակցել են աղետի հետևանքով վնասված երկաթգծի վերականգնման աշխատանքներին՝ հանձնելով նրանց շնորհակալագրեր, պատվոգրեր և մեդալներ:
Ալեքսեյ Մելնիկովն իր ելույթում առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵ նախարարությանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայությանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին՝ աղետի հետևանքների վերացման գործում ներդրած մեծագույն ջանքների համար: Ի թիվս մի խումբ պաշտոնյաների՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը «Ցուցաբերած աննախադեպ փոխօգնության, Վանաձոր-Այրում հատվածում վարարման հետևանքների վերացման և երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ «ՀԿԵ» ՓԲԸ հետ համակարգված համատեղ աշխատանքի համար» պարգևատրվել է ՀԿԵ ՓԲԸ փոխօգնության համար նշանով:
ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով է պարգևատրվել Ալեքսեյ Մելնիկովը:
Տոնական միջոցառումը հագեցած էր երաժշտական կատարումներով: