Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը մասնակցել է «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում» պլենար քննարկմանը

01.08.2024

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար կազմակերպել է միջազգային ամառային ծրագիր, որի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային կապերի ստեղծմանը։
Հուլիսի 31-ին միջոցառումների շրջանակներում անցկացվեց պլենար քննարկում «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում» խորագրով, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան, երիտասարդներ, հյուրեր:
Միջոցառման շրջանակներում երիտասարդների համար այս օրերին անցկացվում են սպորտային և մշակութային բազմաթիվ միջոցառումներ, էքսկուրսիաներ, պլենար քննարկումներ, ուրախ ժամանցային ծրագրեր: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային կապերի ստեղծմանը։
Ներկաներին ողջույնի խոսք հղեց մարզպետ Արամ Ղազարյանը: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին միջոցառման նախաձեռնության ու իրականացման համար, իսկ ՔՈԱՖ-ին՝ հերթական կարևոր միջոցառումը բարձր մակարդակով հյուրընկալելու համար: Խոսքն ուղղելով երկու երկրների երիտասարդներին՝ մարզպետը վստահություն հայտնեց, որ համատեղ շփումները կտան դրական արդյունք.
- Հայ- վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այսօր էլ՝ ակտիվ գործակցություն է առկա ամենատարբեր բնագավառներում, ու շատ կարևոր է, որ մեր երիտասարդները կարողանան այս դարավոր բարեկամության կրողը, շարունակողը, ինչու չէ նաև՝ զարգացնողը լինել: Այս պլենար քնարկումը ևս, վստահ եմ, բազմաթիվ կարևոր հարցերի բարձրացման հնարավորություն կտա, որից էլ կծնվեն դրանց արդյունավետ լուծմանն ուղղված կարևոր համատեղ ծրագրեր,-ասաց Արամ Ղազարյանը:
Նա իր ելույթում հույս հայտնեց նաև, որ Լոռու մարզի և Վրաստանի մարզերի ու համայնքների միջև գործակցությունը առաջիկայում առավել սերտացնելու և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կստեղծի: Մարզպետը նշեց, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների դեսպանների հետ առաջիկայում ևս Դեբեդում տարբեր կոնֆերանսներ և միջոցառումներ հյուրընկալելու վերաբերյալ, քանի որ Դեբեդը հավասար հեռավորության վրա է գտնվում երկու երկրների մայրաքաղաքների օդանավակայաններից և խորհրդանշական հանդիպման վայր կարող է դառնալ:
- Լոռվա այս չքնաղ բնությունը մեր սիրելի երիտասարդներին հնարավորություն կտա է՛լ ավելի վառ զգացողություններ ունենալ: Վստահ եղեք, ով գեթ մեկ անգամ գալիս է Լոռի և տպավորովում այս անկրկնելի գեղեցկությամբ, ուզում է կրկին վերադառնալ: Այնպես որ՝ մենք ձեզ Լոռիում պատրաստ ենք հյուրընկալելու շատ անգամներ,-եզրափակելով իր ելույթը՝ ասաց Լոռու մարզպետը:
Ողջույնի ելույթներով հանդես եկան նաև Արմեն Մարտիրոսյանը, Տարիել Գուգավան, դեսպաններ Աշոտ Սմբատյանը և Գիորգի Շարվաշիձեն՝ կարևորելով երկու երկրների բարեկամությունը, ռազմավարական հարաբերությունները և գործակցությունը տարբեր ոլորտներում:
Փոխնախարարն իր խոսքում մասնավորապես անդրադարձավ ծրագրի կարևորությանը հատկապես երկու երկրների երիտասարդների հարաբերությունների առավել սերտացման ու համատեղ ծրագրերի նախաձեռնության տեսանկյունից: Նա նաև նշեց, որ նման ծրագրերը շարունակական լինելու հավակնություն ունեն:
Պլենար քննարկումն անցավ ակտիվ երկխոսության մթնոլորտում. քննարկվեցին երկու երկրների երիտասարդությանն առնչվող խնդիրներ, տարբեր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 10:30:33