Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի ընդլայնված նիստ
31.07.2024
Հուլիսի 30-ին անցկացվեց Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի ընդլայնված նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
Նիստին ներկա էին աշխատանքային խմբի անդամները և մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին և շնորհակալութուն հայտնելով նիստին ներկա գտնվելու համար՝ Արամ Ղազարյանը նշեց, որ կարևորում է հասարակական կազմակերությունների և քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների մասնակցությունը մարզի զարգացման գործում, և ակնկալում է նրանց ակտիվ գործակցությունը Լոռու մարզպետի աշխատակազմի հետ:
-Մեր ողջ ներուժը պետք է ներդնենք հանուն մարզի զարգացման, և այս հարցում անհրաժեշտ է նաև ձեր գործուն աջակցությունը,-ասաց մարզպետը:
Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց մինչ օրս իրականացված աշխատանքների համար:
Իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեցին մարզպետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Ավետիսյանը և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ Վանաձորի «Փոքրիկ Իշխան» երեխաների խնամքի ցերեկային կենտրոնի համակարգող, «Խաչվող ուղիներ» ՍՀԿ նախագահ, խմբի անդամ Նարինե Ղազարյանը:
Ընդգծվեց հատկապես խմբի ակտիվ գործունեությունը ԼՂՀ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելու գործում, ինչպես նաև կարևորվեցին շուրջ երկու ամիս առաջ Ալավերդու տարածաշրջանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացմանն աջակցելու նպատակով կամավորական աշխատանքների իրականացման գործում ներդրված ռեսուրսներն ու ջանքերը:
Մարզի ղեկավարի առաջարկությամբ և քվեարկության արդյունքում աշխատանքային խմբի կազմը ընդլայնվեց՝ ընդգրկելով հասարակական կազմակերպությունների ևս 7 ներկայացուցիչների:
Այսպիսով՝ «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը» կունենա 24 անդամ, որոնցից 8-ը՝ Լոռու մարզպետի աշխատակազմից, 16-ը՝ հասարակական կազմակերպություններից և քաղհասարակության ներկայացուցիչներից:
Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ, խմբի անդամ Անի Բաղդասարյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ հասարակական կազմակերպությունների կողմից մարզում իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական բազա ձևավորելու վերաբերյալ:
Կարևորվեց նաև նրանց ներգրավվածությունը պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացող սուբվենցիոն ծրագրերում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև ծրագրերի վերաբերյալ համայնքներում անցկացվող հանրային լսումներին ակտիվ մասնակցություն ունենալու գործում։
Նիստի շրջանակներում քննարկվեցին նաև հետագա աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նշվեց, որ պարբերաբար, տարբեր հարցերի քննարկման անհրաժեշտությունից ելնելով՝ կկազմակերպվեն նաև ընդլայնված նիստեր: