Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը

31.07.2024

Հուլիսի 31-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը՝ համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզխորհրդի նիստի օրակարգի առաջին հարցի շրջանակներում Լոռու մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման 2024 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները ներկայացրեց Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը:

Մարզի համայնքների բյուջեներով՝ 2024 թվականի 1-ին կիսամյակի նախատեսված եկամուտներն ապահովվել են 67.6%-ով (նախատեսված 11 միլիարդ 774 միլիոն 665.6 հազար դրամ կիսամյակային մուտքերի դիմաց հավաքագրվել է 7 միլիարդ 959 միլիոն 428.9 հազար դրամ):

Վարչական բյուջեի եկամուտների 1-ին կիսամյակի պլանը մարզում կատարվել է 95.6%-ով, սեփական եկամուտների գծով կատարողականը կազմել է 84.5%:

2024 թվականի հողի հարկի 65 միլիոն 118 հազար դրամ տարեկան պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 35 միլիոն 108.1 հազար դրամ:

Տեղական տուրքերի փաստացի հավաքագրումը 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կազմել է 90,4 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փաստացի հավաքագրումն ավելացել է 8.9 միլիոն դրամով:

Ցուցանիշները ներկայացվեցին նաև՝ ըստ համայնքների:

Մարզի ղեկավարը հորդորեց համայնքների ղեկավարներին ամենօրյա աշխատանքներ տանել բյուջեով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ, սահմանել վերահսկողություն և բացառել թերացումները: Մարզպետը կարևորեց այս ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը:

Օրակարգի հաջորդ հարցով՝ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը ներկայացրեց Լոռու մարզում համայնքների կողմից իրականացվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:

Քննարկվեց համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, անդրադարձ կատարվեց շինաշխատանքների ժամկետների և որակի խստիվ պահպանմանը, ինչպես նաև համայնքների ղեկավարների այս ուղղությամբ ամենօրյա վերահսկողությանը ։

Ներկայացվեցին նաև կառավարության կողմից մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը ճանապարհաշինության և քաղաքաշինության ոլորտներում:

Մարզպետ Արամ Ղազարյանն ընդգծեց պետական և համայնքային միջոցներով մարզում իրականացվող բազմաոլորտ բոլոր ծրագրերի կարևորությունը, հորդորեց պատասխանատու կառույցներին լինել հետևողական և սրտացավ համայնքներում կատարվող մեծածավալ աշխատանքների նկատմամբ, պետական միջոցների նպատակային օգտագործման ուղղությամբ ևս սահմանել հսկողություն:

Մարզի խորհրդի նիստի շրջանակներում Լոռու մարզում գարնանացանի, ընդհանուր 2024 թվականի ցանքի տվյալների և «Բուսաբուծության աջակցության ծրագրի» ընթացքը ներկայացրեց Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:

Թեև 2024-ին Լոռու մարզում գերակշռել են բնական աղետները, այնուամենայնիվ համաձայն ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ նախորդ տարվա համեմատ, ավելի քան 1500 հեկտարով մարզում ավելացել է գարնանացանը։

Գարնանացանի ավելացումը պայմանավորված է 2024 թ-ին ՀՀ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության «Բուսաբուծություն աջակցության ծրագրով»:

Լոռու մարզում այդ ծրագրից օգտվել են 1027 գյուղատնտեսություն վարողներ՝ 9 համայնքներից:

Ա. Թումանյանը տեղեկացրեց, որ քննարկման փուլում է գտնվում հեղեղումների հետևանքով աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին ծրագրի նախագիծը: Քննարկման փուլում է նաև «Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2024-26 թվականների ծրագիրը»:

Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ տարվող և 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած աղետի հետևանքների վերացման ընթացիկ աշխատանքները:

Ներկայացվեց, որ մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հեղեղումներից տուժած ընտանիքների հետ ակտիվ աշխատում է, շահառուներին տրվում է խորհրդատվություն՝ բնակարանների ձեռքբերման և վերանորոգման փոխհատուցման գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Մարզպետը հանձնարարեց շարունակել աշխատանքը հեղեղումներից տուժած քաղաքացիների հետ: Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՏԿԵ նախարարությանը, պետական և համայնքային բոլոր կառույցներին, մարզպետի աշխատակազմին և համայնքի ղեկավարներին, կամավորական բոլոր կազմակերպություններին աղետի գոտում իրականացված աշխատանքների համար։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում ակտիվորեն շարունակվում են հանդիպումները նաև ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ:

Արամ Ղազարյանը հորդորեց ակտիվորեն շարունակել աշխատանքները քաղաքացիների հետ, ուղղորդել նրանց տարբեր հարցերում, իրազեկել ընթացիկ ծրագրերի մասին։

Մարզխորհրդի նիստին քննարկվեցին նաև գործակարգավարական, համայնքներին վերաբերող այլ հարցեր:

Տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 09:58:59