Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարն աշխատանքային այց է իրականացրել Տաշիրի բժշկական կենտրոն

23.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 23-ին այցելել է Տաշիրի բժշկական կենտրոն: Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, բժշկական կենտրոնի տնօրեն Վահե Անախասյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց է իրականացրել բուժհաստատությունում, ծանոթացել այստեղ մատուցվող բժշկական ծառայություններին, բուժսարքավորումներով հագեցվածությանը, ընթացիկ աշխատանքներին, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին, նախատեսվող ծրագրերին:
Տաշիրի ԲԿ-ում իրականացվում է լայն պրոֆիլի հիվանդանոցային բուժօգնություն՝ վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ, մանկական, ինֆեկցիոն: Մատուցվում են նաև շտապօգնության և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ: Ունի 40 մահճակալ-տեղ, սպասարկում է Տաշիրի տարածաշրջանն ամբողջությամբ՝ շուրջ 25 500 հազար բնակչություն:
Բուժանձնակազմի հետ հանդիպմանը մարզպետը կարևորել է բժշկական օգնության, ծառայությունների հասանելիության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները: Լոռու մարզպետն ընդգծել է նաև բուժանձնակազմի անընդհատ մասնագիտական վերապատրաստումների անհրաժեշտությունը:
Վահե Անախասյանը մարզի ղեկավարին է ներկայացրել բուժհաստատության առաջնային կարիքները՝ մասնավորապես կապված անհրաժեշտ բուժսարքավորումներով և գործիքներով հագեցվածության հետ: Քննարկվել են ամենաօպտիմալ ժամկետներում հրատապ խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
Արամ Ղազարյանը նշել է, որ արդեն հաջորդ տարի շահագործման կհանձնվի Տաշիրի ԲԿ-ի նոր շենքը, որը կհագեցվի նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով և գործիքներով:
Բուժհաստատության տնօրենը մարզի ղեկավարին է ներկայացրել տեղեկատվություն՝ հիվանդանոցի ծանրաբեռնվածության, մասնագետներով և սարքավորումներով հագեցվածության վերաբերյալ, տեղեկացրել նաև, որ բուժկենտրոնում աշխատանքով է ապահովվել ԼՂ-ից բռնի տեղահանված 10 քաղաքացի՝ 4 բժիշկ, 5 բուժքույր և 1 տեխնիկական աշխատող:
Ա. Ղազարյանը շրջել է ամբուլատոր-պոլիկլինիկական և ստացիոնար բաժանմունքներում, զրուցել բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջությամբ, մաղթել շուտափույթ ապաքինում: Մարզի ղեկավարը նշել է, որ նման այցերը պարբերական բնույթ են կրելու:
• Ինչպես հայտնի է, Տաշիրի բժշկական կենտրոնի նոր շենքը կառուցվում է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Այն շահագործման կհանձնվի 2025 թվականին: Ծրագրի արժեքը 1 մլրդ 697.5 մլն դրամ է: 2023թ. ներդրումների ծավալը կազմել է 228.9 մլն. դրամ, 2024թ. ներդրումների ծավալը նախատեսվում է 472.6 մլն. դրամ: Կառուցվում է եռահարկ շենք՝ յուրաքաչյուր հարկը՝ 1600 քառ. մ: Բժշկական կենտրոնը կունենա վերակենդանացման, վիրաբուժական, թերապևտիկ, մանկական բաժանմունքներ, ծննդատուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49