Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բուսաբուծության աջակցության ծրագրի» շնորհիվ Լոռու մարզում գարնանացանի ցանքատարածություններն ավելացել են 1500 հեկտարով

19.07.2024

Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում Լոռու մարզի մշակաբույսերի ցանքատարածություններում այս օրերին իրականացնում են մարզային մոնիտորինգ:
«Բուսաբուծության աջակցության ծրագրից» Լոռու մարզում օգտվել է 1227 գյուղատնտես՝ իրականացնելով մշակաբույսերի գարնանացան՝ 9 համայնքների շուրջ 3000 հա ցանքատարածքներում։
Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսները մշակել են ցորեն, վարսակ, եգիպտացորեն, ոլոռ, գարի և այլն: Վարչության պետի ներկայացմամբ՝ «Բուսաբուծության աջակցության ծրագրի» պետական օժանդակության շնորհիվ Լոռու մարզում գարնանացանի ցանքատարածություններն ավելացել են 1500 հեկտարով:
Մարզպետի աշխատակազմի մասնագետներն Ալավերդի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Տաշիր համայնքների մշակաբույսերի ցանքատարածքներում արդեն կատարել են մոնիտորինգ: Նախնական արդյունքները գոհացուցիչ են:
Ըստ գործող կարգի՝ արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը տրամադրվելու է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը: Մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողներին կառավարությունը փոխհատուցում կտրամադրի համայնքային և մարզային մոնիտորինգների արդյունքներն ուսումնասիրելուց հետո:
Հիշեցնենք, որ «Բուսաբուծության աջակցության ծրագրով» նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը, եթե ցանքն իրականացվել է բացառապես հավաստագրված սերմերով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51