Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ
17.07.2024
Հուլիսի 16-ին Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնում անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ, որը վարում էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նիստին ներկա էին ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ Սուրեն Մաղաքյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, հանձնաժողովի անդամներ։
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը համառոտ տեղեկատվություն ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027թթ. համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման պահանջների և մարզպետի աշխատակազմի կատարմանը վերապահված կետերի, հետագա անելիքների և ծրագրի մասին հանրային իրազեկման նպատակով անցկացված հարցումների վերաբերյալ։
Սուրեն Մաղաքյանն իր խոսքում անդրադարձավ Լոռու մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Կարևորվեց հատկապես թեքահարթակների՝ սահմանված նորմերին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:
Աննա Հակոբյանը մանրամասն անդրադարձ կատարեց անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին, դրա սկզբունքային տարբերություններին նախկին՝ բժշկասոցիալական փորձաքննության համակարգից և ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգին։
Հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարցերի, ներկա իրավիճակի և կատարման ընթացքի, ինչպես նաև առկա խնդիրների մասին տեղեկատվություն տրամադրվեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի անդամ, «Անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի» շահերի պաշտպանության համակարգող Վահան Սարգսյանի կողմից։
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ Անուշ Ասլանյանը ներկաներին տեղեկացրեց «Ջուդի» նախաձեռնության մասին, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվացումն է։ Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող 18-ից 30 տարեկան 100 երիտասարդներ քննարկումներ են ունեցել հաշմանդամությանը վերաբերող խնդիրների շուրջ: Առաջիկայում նրանք խնդիրների լուծման իրենց բանաձևը կներկայացնեն, լավագույնները կստանան 2800 դոլար կրթաթոշակ։
Տեղեկատվություն հաղորդվեց նաև «Բոչիա խաղը հանուն շահերի պաշտպանության և ներառականության» ծրագրի արդյունքների մասին: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է եռօրյա ճամբար, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող 49 անձինք, պետական կառույցների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։
Ամփոփելով նիստը և իր դիտարկումներն անելով բարձրացված խնդիրների վերաբերյալ՝ Արամ Ղազարյանը նշեց, որ, որպես մարզի ղեկավար և հանձնաժողովի նախագահ, հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող հարցերը, նրանց իրավունքների պաշտպանությունն իր ուշադրության կենտրոնում են: Մարզպետի աշխատակազմի կողմից ևս հետևողական քայլեր են ձեռնարկվում այդ խնդիրները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Քննարկվեցին նաև այլ հարցեր։