Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդլայնված խորհրդակցություն համայնքապետերի մասնակցությամբ

10.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 9-ին համայնքապետերի և աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն:
Քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության «Բուսաբուծության աջակցության ծրագրի» արդյունքները:
Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզում ծրագրից օգտվել է 1227 շահառու, իրականացվել է մշակաբույսերի գարնանացան՝ 9 համայնքների 2956 հա ցանքատարածքներում։
Մարզպետի աշխատակազմի մասնագետներն առաջիկայում ցանքատարածություններում կկատարեն մոնիտորինգ, որի արդյունքները կտրամադրվեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը: Այս գործընթացին կհաջորդի ծրագրի փոխհատուցման փուլը:
Նշվել է, որ «Բուսաբուծության աջակցության ծրագրի» պետական օժանդակության շնորհիվ մարզում զգալիորեն ավելացել են գարնանացանի ցանքատարածությունները:
Մարզպետը կարևորել է գյուղատնտեսական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունն ու արդյունավետությունը, պետական օժանդակության ծրագրերում առավել շատ շահառուների ներգրավումը և հորդորել է գործընթացն իրականացնել ժամկետների մեջ:
Քննարկվել են նաև վերջին օրերին տեղացած կարկուտի հետևանքով համայնքների կրած վնասները: Համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից կազմված արձանագրությունները ներկայացվել են ՀՀ ՆԳ նախարարությանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղետի գոտում մինչ օրս կատարված և կատարվելիք աշխատանքների, հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց կորուստների փոխհատուցման գործընթացի կազմակերպման, պատճառված վնասի հատուցման կարգի և սոցիալական աջակցության վերաբերյալ հարցեր:
Նշվել է, որ կարգավորման շրջանակում այս փուլում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները:
Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը ներկայացրել են Ալավերդի, Տաշիր, Փամբակ, Թումանյան, Գյուլագարակ, Ստեփանավան համայնքներում ջրհեղեղից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց բնակարանային, գույքային և գյուղատնտեսական կորուստների ամփոփ տվյալները, վերականգնված ճանապարհների, հետիոտնային և ավտոմոբիլային կամուրջների ներկա վիճակը:
Մարզի ղեկավարն ընդգծել է, որ աղետի գոտու վերականգնման ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքներում անհրաժեշտ է լինել հետևողական:
Օրակարգային հաջորդ հարցով Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը ներկայացրել է Լոռու մարզում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվոնցիոն ծրագրերը:
Քննարկվել են ընթացիկ աշխատանքներն առավել համակարգված իրականացնելու հետ կապված հարցեր:
Մարզի ղեկավարը հանձնարարել է մեծ ուշադրություն դարձնել կատարվող շինաշխատանքների որակին և ժամկետներին:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներին և նրանց ուղղված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին:
Արամ Ղազարյանը հորդորել է համայնքների ղեկավարներին պետական աջակցության բոլոր ծրագրերի մասին իրազեկել մեր հայրենակիցներին:
Տրվել են այլ հանձնարարականներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49