Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
08.07.2024
Հուլիսի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ նախարարը Տաշիր համայնքում այցելել է մի շարք ընկերություններ։ Այցին մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնյաներ։
Նախարարը եղել է «Ալաշկերտ գրուպ» ՍՊԸ-ում, ծանոթացել այստեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին ու արտադրական կարողություններին։
Ընկերությունում արտադրվում է ավելի քան 10 տեսակի պանիր, որը նաև արտահանվում է։ Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից։
Տաշիրում պաշտոնյաները եղել են նաև «Երեմյան Փրոջեքթսի»՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիրում։ Այն կառուցվել է ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ՝ անասնաբուծության ճյուղում իրականացվող ծրագրի շրջանակում։
«Երեմյան Ֆարմի» անասնապահական 30 հեկտարից ավելի տարածք ընդգրկող համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կիթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Այնուհետև այցելություն է կատարվել «Բոզոյան» ՍՊԸ, որտեղ ներկայացվել են ընկերության ցանքատարածություններն ու 2022թ.-ից հիմնված խոզաբուծական տնտեսության ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։
Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները, ընկերության տեխնիկական հագեցվածությունը։