Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, մրցույթներում բարձր արդյունքներ ցուցաբերած Լոռու մարզի դպրոցականները և նրանց ուսուցիչները

03.07.2024

2023-2024 ուստարում անցկացված հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, մրցույթներում բարձր արդյունքներ ցուցաբերած Լոռու մարզի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին պարգևատրելու նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ հուլիսի 2-ին հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի դահլիճում: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ, աշակերտներ, հյուրեր:
Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց մրցանակակիր աշակերտներին փայլուն արդյունքներ ցուցաբերելու և մարզի պատիվը բարձր պահելու համար: Արամ Ղազարյանը մաղթեց, որ տարեցտարի ցուցանիշները կրկնապատկվեն և մարզի աշակերտները շարունակեն բարձր պարգևներ նվաճել ամենահեղինակավոր օլիմպիադաներում, գիտական մրցույթներում:
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում Լոռու մարզն այս տարի ունի 71 մրցանակ(նախորդ տարի` 70), որից 1-ին կարգի դիպլոմ՝ 11, 2-րդ կարգի դիպլոմ՝ 7, 3-րդ կարգի դիպլոմ՝ 28, գովասանագիր 25:
Մրցանակակիրներից 24-ը Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոցի աշակերտներ են: Ուրախալի է հատկապես, որ քիմիա առարկայից մարզն ունեցել է աննախադեպ արդյունք՝ 21 մրցանակ: Պատմությունից ունեցել ենք 7 մրցանակ, կենսաբանությունից՝ 3, մաթեմատիկայից՝ 2, հայ եկեղեցու պատմությունից՝ 8, ռուսաց լեզվից՝ 5, հայոց լեզվից՝ 3, գրականությունից՝ 5, անգլերենից՝ 2, ֆրանսերենից՝ 3, աշխարհագրությունից՝ 5 մրցանակ, իսկ ՆԶՊ-ի հավաքական թիմը նվաճել է երրորդ տեղը։
Մրցանակների ընդհանուր թվով Լոռու մարզը հանրապետությունում երկրորդն է, զիջում է միայն Երևանին։
Մարզի աշակերտները փայլել են քիմիա առարկայից անցկացվող Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում. Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտավազդ Արաբաչյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 11-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը՝ արծաթե մեդալ:
Այս տարի փայլուն արդյունքներ ենք գրանցել նաև Դի-ՋԻ-ԿՈԴ կիրառական ծրագրավորման պատանեկան 9-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում. մեր մարզի դպրոցների թվով 5 աշակերտներ մրցանակային տեղեր են զբաղեցրել տարբեր անվանակարգերում:
Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կողմից կազմակերպված ամենամյա օլիմպիադայում ևս ունեցել ենք երկու մրցանակակիր. «Համակարգչային գիտություն անվանակարգում» 2-րդ տեղ են գրավել Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցից երկու աշակերտ՝ Ռազմիկ Պետրոսյանը (7-րդ դասարան) և Յանա Ղևոնդյանը(9-րդ դասարան):
Մարզպետ Արամ Ղազարյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին բոլոր մրցանակակիր աշակերտները և նրանց ուսուցիչները՝ արժանանալով ներկաների ջերմ ծափողջույններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51