Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց է իրականացվել Դեբեդ համայնք

29.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Դեբեդ բնակավայր, վերջինիս վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի ուղեկցությամբ հետևել այստեղ կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակներում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ:

Ծրագրի արժեքն ավելի քան 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է:

Կառուցվելիք դպրոցը կլինի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ. կունենա ժամանակակից դասարաններ, լաբորատորիաներ, ստեղծագործական տարածքներ, սպորտային խաղահրապարակներ՝ Դեբետում ստեղծելով նոր կրթական միջավայր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում դպրոցի շենքը հագեցած կլինի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կխթանեն արդյունավետ ուսուցման գործընթացը։

Նոր դպրոցը կծառայի՝ որպես հիմնական ուսումնական հաստատություն՝ ներառելով տարրական, միջնակարգ և ավագ դպրոցների ծրագրերը։ Շենքը կբավարարի շուրջ 190 աշակերտի ուսումնառության պահանջները: Դպրոցի բացումը նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերին:

Դեբետի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 114 աշակերտ, նրանց ուսումնառությունը ժամանակավորապես կազմակերպվում է COAF ՍՄԱՐԹ կենտոնում և Դեբետի վարչական շենքում: Մարզպետը նշել է, որ մարզի դպրոցների և մանկապարտեզների կառուցումն ու հիմնանորոգումը, երեխաների համար կրթության հարմարավետ և բարեկեցիկ պայմանների ստեղծումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նա նշել է, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու, հիմնանորոգելու կառավարության ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բոլոր բնակավայրերում կրթական բարենպաստ պայմաններ ստեղծել՝ կրթությունը դարձնելով առավել հասանելի։

Մարզի ղեկավարը բնակավայր կատարած այցի շրջանակներում այցելել է նաև այստեղ գործող «Դեբեդ լայվ», «Մադին», «Ռիվերսայդ» հյուրատներ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը, զբոսաշրջային հոսքերի ակտիվությանը։ Դեբեդում գործում է 11 հյուրատուն։

Ա. Ղազարյանը կարևորել է մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ տուրիզմը հանդիսանում է մարզի զարգացման կարևոր ուղղություններից մեկը և պետական աջակցության ու միջազգային ծրագրերով զբոսաշրջության խթանմանն ուղղված նախաձեռնությունները զգալիորեն նպաստում են մարզում տնտեսական ակտիվությանը, հետևաբար նաև՝ շարունակական զարգացմանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 15:19:22