Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից
27.06.2024
ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է «Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին» որոշում:
Համաձայն ֆինանսական կառույցներից ստացված օպերատիվ տեղեկատվության՝ աղետի գոտիների սահմանված տարածքներում տնտեսավարողների կողմից (շուրջ 100) ձեռք բերված վարկային պորտֆելի մնացորդը գնահատվում է շուրջ 150 մլն դրամ։ Յուրաքանչյուր շահառուի մասով երկարաձգման ժամկետը պետք է գնահատի ֆինանսական կառույցը։ Ֆինանսական կառույցի կողմից աջակցությունը կտրամադրվի համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։ Միաժամանակ, ծրագրի Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող այն շահառուները, որոնք տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով ունեցել են տվյալ վարկի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև վարկի մարման կամ արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես ծրագրի շահառուներ։