Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ
24.06.2024
Բուժաշխատողի օրվա առթիվ հունիսի 21-ին Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Այդ առիթով հրավիրվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ:
Մարզպետ Արամ Ղազարյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները.
- Խոնարհումս ու երախտագիտությունս եմ հայտնում մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետերին, ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում:
Կայուն և դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր երկրի զարգացման հիմնական ու կարևոր ուղղություններից է, և դուք ձեր մեծ ներդումն եք ունենում այդ գործում,-ասաց մարզի ղեկավարը:
Արամ Ղազարյանն իր խոսքում անդրադարձավ նաև ոլորտային ձեռքբերումներին և առկա խնդիրներին:
Առողջապահության ոլորտի նվիրյալներին ուղղված գնահատանքի և մեծարանքի խոսքեր ասացին նաև մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Լոռու մարզի առողջապահական աշխատողների արհեստակցական միության նախագահ Լաուրա Հակոբյանը:
Ռ. Պողոսյանն իր խոսքում ընդգծեց, առողջապահության ոլորտի մի խումբ մասնագետների մեծ ջանքերը մարզին շուրջ մեկ ամիս առաջ պատուհասած աղետի առաջին իսկ օրից.
- Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի համակարգմամբ ոլորտի մի շարք նվիրյալներ պատրաստակամություն ցուցաբերեցին օգնելու առողջապահական ծառայությունների կարիքն ունեցող մարդկանց: Աղետի գոտում իրականացվեցին նաև հակամահաճարակային միջոցառումներ՝ բնակիչներին զերծ պահելով հիվանդությունների վտանգներից ու դա մեզ հաջողվեց,-ասաց Ռ. Պողոսյանը:
-Ձեզ առավելապես մաղթում եմ առողջություն, ինչ դուք եք ամեն օր պարգևում բուժառուներին, համբերատարություն և կամք,-իր խոսքում ասաց Լաուրա Հակոբյանը:
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին ոլորտի մի խումբ նվիրյալներ:
Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական կատարումներով: