Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալավերդի խոշորացված համայնքի համար մշակվում է համայնքային երիտասարդական քաղաքականություն

18.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը և Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները հունիսի 14-ին մասնակցել են «Ալավերդու երիտասարդական քաղաքականության ֆորումի» բացման հանդիսավոր արարողությանը:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը բացման խոսքում նշել է, որ ֆորումի նպատակն է աջակցել երիտասարդներին Ալավերդի խոշորացված համայնքի համար մշակելու համայնքային երիտասարդական քաղաքականություն: Վերջինս կխթանի համայնքում երիտասարդների ակտիվությունը ոչ ֆորմալ կրթության, քաղաքացիական և բնապահպանական իրավունքների պաշտպանության, զբաղվածության հնարավորությունների ընդլայնման, երիտասարդների տեղական ինքնակառավարման գործընթացներին մասնակցության և այլ ուղղություններով:
Ներկաներին ողջունել է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ներկայացրել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, պետության կողմից երիտասարդներին ուղղված ծրագրերը, կարևորել նրանց կարողությունները հասարակության և պետության զարգացման գործում:
- Ապագան պայմանավորված է ձեզնով: Պետականաշինության գործընթացն առանց երիտասարդների հնարավոր չէ պատկերացնել, մենք խրախուսում ենք երիտասարդության մասնակցությունը հանրային կյանքին, ձեր գիտելիքներն ու հմտությունները շարունակեք ջանասիրաբար ծառայեցնել ձեր համայնքին,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրագործող բոլոր կողմերին, երիտասարդներին, նշել, որ հենց նրանք պետք է լինեն ցանկացած երկրում բարեփոխումների առաջամարտիկները: Մարզպետը կոչ է արել ակտիվորեն մասնակից դառնալ համայնքային զարգացման բոլոր գործընթացներին:
- Վերջին շաբաթները բավականին ծանր էին Ալավերդի համայնքի համար։ Վրա հասած աղետը բավականին վնաս պատճառեց համայնքին և այդ դժվարին պահին պետական կառույցների և համայնքի բնակիչների կողքին ամուր կանգնեցին հարյուրավոր երիտասարդ կամավորներ՝ իրենց օժանդակությունը բերելով աղետի հետևանքների վերացմանը, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում,- ասել է Արամ Ղազարյանը:
Մարզի ղեկավարը ներկաներին հանգամանալից ներկայացրել է աղետի գոտում իրականացվող վերականգնողական աշխատանքները, հեղեղումներից տուժած բնակավայրերի բնակիչներին ուղղված պետական աջակցության, փոխհատուցման գործընթացները: Արամ Ղազարյանը նշել է, որ ՀՀ կառավարության աջակցությամբ արվելու է ամեն հնարավորը աղետի հետևանքները լիարժեքորեն վերացնելու նպատակով:
Ալավերդի համայնքում երիտասարդական ֆորում կազմակերպելու համար շնորհակալություն է հայտնել նաև համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը՝ պատրաստակամություն հայտնելով ծրագրի հետագա աշխատանքներին ևս աջակցելու և համագործակցությունն ընդլայնելու գործում:
Նա համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի անունից երախտագիտություն է հայտնել երիտասարդներին, բոլոր կամավորներին աղետի գոտում վերականգնողական աշխատանքներին ակտիվ և սրտացավ մասնակցության համար:
Միջոցառման ընթացքում ստորագրվել է Ալավերդի խոշորացված համայնքի երիտասարդական տեղական քաղաքականության համատեղ մշակման վերաբերյալ եռակողմ հուշագիր՝ Ալավերդու համայնքապետարանի, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և Երիտասարդական թիմի միջև:
Միջոցառումը շարունակվել է պանելային և խմբային քննարկումներով, որին մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը:
Ծրագրով՝ Ալավերդի համայնքի երիտասարդների կողմից, փորձագետների և համայնքի շահագրգիռ ներկայացուցիչների հետ համագործակցությամբ իրականացվել է երիտասարդական կարիքների գնահատում և առաջնահերթությունների վերհանում, որի հիման վրա կազմվում է Ալավերդու համայնքային երիտասարդական քաղաքականությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:21:34