Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արյունատվության ակցիա՝ Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ
14.06.2024
Հունիսի 14-ին՝ Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ, Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում կազմակերպվել էր արյունատվության ակցիա, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետի աշխատակազմի առողջապաhության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ, կամավորներ:
Օրվա առթիվ կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում:
Մարզի ղեկավարի և իր անունից ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ Գոռ Ասրյանը։ Նա կոչ արեց միանալ կյանքեր փրկելու այս կարևոր նախաձեռնությանը։
- Արդեն շուրջ 20 տարի նշվող այս միջոցառումը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու արյունատվության կարևորությունը: Բոլորս պետք է գիտակցենք, որ մեր հանձնած արյան շնորհիվ փրկվում են բազաթիվ մարդկային կյանքեր: Խորին հարգանքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր կամավոր սկզբունքով իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին,- ասել է փոխմարզպետը։
Միջոցառման մասնակիցները՝ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Ռուզաննա Պողոսյանը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանը և «ՎԻՎԱ․ Բժիշկները և կամավորները Հայաստանին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Տատյան Օգանեսյանը, իրենց ելույթներում կարևորեցին և արժևորեցին դոնորության գաղափարը:
Լոռու մարզի արյան փոխներարկման կայանի տնօրեն Լիանա Մուրադյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, դոնորներին և աջակից կազմակերպություններին իրենց գործունեությունը կարևորելու և ամենամյա դարձած ակցիային միանալու համար։
Հայկական կարմիր խաչի ընկերությունն այս տարի ևս ակցիայի կազմակերպման հավատարիմ գործընկերն էր:
Արյունատվության բոլոր մասնակիցներն արժանացան սիմվոլիկ նվերների։