Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էկոպարեկային ծառայությունը համալրվել է երեք ամենագնաց մեքենաներով

12.06.2024

Դսեղ բնակավայրում Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել. ծառայությունը համալրվել է երեք ամենագնաց մեքենաներով:
Միջոցառմանը ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, համայնքային, բնապահպանական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։
Մեկնարկող համագործակցության ուղղություններից մեկը՝ սարքավորումներով Էկոպարեկային ծառայության կարողություններին խթանումը, կյանքի է կոչվել։ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ ձեռքբերված, համապատասխան սարքավորումներով հագեցած երեք ամենագնաց մեքենաները WWF-Հայաստանի կողմից հանձնվել են էկոպարեկային ծառայությանը։
Ներկաներին ողջունել է նախարարը և շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլիին՝ էկոպարեկային ծառայությունը տեխնիկական կարողություններով հագեցնելու խնդրին առաջինն արձագանքելու համար։
Նախարարը միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցության հույս է հայտնել։ Ներկայացրել է էկոպարեկային ծառայության ստեղծման անհրաժեշտությունը, շարունակական քայլերը ծառայության կայացման ուղղությամբ։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ևս շրջակա միջավայրի պահպանման օրախնդիր է համարել էկոպարեկային ծառայության կայացումը և նշել, որ ծառայությանը նվիրաբերվող ամենագնացները բարձրացնելու են անտառների պահպանության որակը։
Գոռ Ասրյանը մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից նույնպես շնորհակալություն է հայտնել՝ ինչպես նախարարությանը, այնպես էլ՝ միջազգային կառույցին նման կարևոր ծրագրի իրականացման համար:
Նա երախտագիտություն է հայտնել նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը Լոռու մարզում աղետի գոտու վերականգնման աշխատանքներին աջակցելու պատրաստակամության համար:
Հուշագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվելու ծառայությանը Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի և այլ մարզերում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառտնտեսություններում կենսաբազմազանության պահպանման և կենդանիների ապրելավայրերի պահպանության գործում:

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:48:07