Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել էին Լոռու մարզի աղետի գոտի
03.06.2024
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ մայիսի 31-ին եղել են աղետի գոտում։
Հանդիպմանը ներկա են եղել ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նրանց են ներկայացվել աղետից վնասված թաղամասերի խնդիրները, վնասների չափը, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել համայնքները։
Հյուրերը նախ այցելել են Ալավերդի համայնքի ամենաշատ տուժած Սանահին կայարան թաղամաս, որտեղ երկու իրար կապող թաղամասերի կամուրջը հիմնովին փլուզվել է և կապը երեկվանից թաղամասի հետ ապահովվում է այլընտրանքային ճանապարհով՝ հետիոտնային ճոճվող կամրջակով:
Ներկաները եղել են նաև գետի ձախ ափին գտնվող շենքերի տարածքում: Թաղամասի բազմաբնակարան 7 շենք և կից սեփական նույնքան տներ ողողվել են ջրով:
Այժմ կատարվում են բնակարանների, շքամուտքերի և շենքերի բակերի մաքրման և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ:
Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպություններից Լոռի եկած հյուրերը եղել են նաև Ալավերդու Թումանյան փողոցի փլուզված հատվածում, դիտարկել ճանապարհի վնասված հատվածները, հետևել շինտեխնիկայով կուտակված տիղմի շերտի հեռացնման աշխատանքներին:
Ներկաները շրջայց են կատարել նաև Թումանյան փողոցի ջրհեղեղից տուժած հարակից 2 բազմաբնակարն շենքերի բակերում, որտեղ էլ գտնվում է Ալավերդու Հունական բժշկական «Հիպոկրատ» հիմադրամը: Ամբողջությամբ տիղմով լցված կենտրոնում աշխատակիցները մաքրման աշխատանքների էին իրականացնում:
Հյուրերի հաջորդ կանգառն Ալավերդիում եղել է Մ6 Վանաձոր- Բագրատաշեն միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 67 կմ-ում՝ Ախթալայի վնասված կամրջի հատվածում, որտեղ տեղադրվել է մետաղական հետիոտնային կամուրջ, արդյունքում կապն ապահովվել է գետի մյուս ափին գտնվող 7 բնակավայրերի հետ: