Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» ներկայացվեց Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ խոշորացված համայնքներում

27.05.2024

Մայիսի 25-ին, ՀՀ կառավարության կողմից հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը» ներկայացնելու նպատակով, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ խոշորացված համայնքներում ապաստան գտած մեր հայրենակիցների հետ:
Հանդիպումներին ներկա են եղել նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, Տաշիրի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատու պաշտոնյաներ, Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կառույցների աշխատակիցները:
Հանդիպումների ընթացքում Հովհաննես Ավետիսյանը հանգամանորեն ներկայացրել է ծրագրի դրույթները: Նա տեղեկացրել է, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, որից հետո արդեն հստակ կսահմանվի իրականացվելիք գործողությունների ընթացքը: Ծրագրից օգտվելու համար Հովհաննես Ավետիսյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու անհրաժեշտությունը:
-ՀՀ կառավարության որոշումը նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար ԼՂ-ի բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ստեղծելու անհրաժեշտ կեցության պայմաններ և Լոռու մարզպետի աշխատակազմը, համայնքապետարանները և Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կառույցները պատրաստակամ են շուրջօրյա ռեժիմով խորհրդատվական աջակցություն տրամադրել՝ գործընթացը սահուն կազմակերպելու նպատակով,-ասել է Հ. Ավետիսյանը:
Փոխմարզպետը ներկաներին իրազեկել է աջակցության տրամադրման երեք եղանակների մասին.
1) բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է` 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի(ծրագրի մանրամասներին և բնակավայրերի ցանկի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.mlsa.am/blockpage/137):)
Ծրագրի իրականացման փուլերին անդրադառնալով՝ Հ. Ավետիսյանը նշել է, որ
1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։
2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2026թ.։
3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2027թ.:
Նա պատասխանել է նաև քաղաքացիների տարաբնույթ հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:42:40