Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ՝ Սպիտակ համայնքում

23.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մայիսի 22-ին մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը Սպիտակ համայնքում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սպիտակ խոշորացված համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, ՄՍԾ տարածքային կառույցի աշխատակիցներ:
Հովհաննես Ավետիսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ նրանց համար Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով: ՀՀ կառավարության որոշմամբ՝ բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու համար, ըստ սահմանված գումարների, հաստատվել է նաև բնակավայրերի ցանկը (ծրագրի մանրամասներին և բնակավայրերի ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/blockpage/137):
Փոխմարզպետը ներկայացրել է, որ ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
1) բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

- 5 մլն դրամ, եթե ձեռք է բերվում կամ կառուցվում է տուն(բնակարան) թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում՝ ըստ սահմանված ցանկի:
- 4 մլն դրամ, եթե ձեռք բերվում կամ կառուցվում է տուն(բնակարան) թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում՝ դարձյալ ըստ սահմանված ցանկի,
- 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
-2 մլն դրամ, եթե արդեն առկա է հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Նշվել է, որ Սպիտակ խոշորացված համայնքում բնակարան կամ տուն ձեռք բերելու համար՝ մեկ անձի հաշվարկով սահմանված է 3 մլն դրամ:

Հ. Ավետիսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ծրագրի շահառու հանդիսանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է ընդունել ՀՀ քաղաքացիություն, ինչը կարևոր պայման է:
Նա ներկայացրել է նաև, թե ովքեր կարող են հանդիսանալ ծրագրի շահառու և որոնք են հիմնական պայմանները:
Փոխմարզպետը հանգամանորեն անդրադարձել է ծրագրի իրականացման փուլերին.

1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։

2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2026թ.։

3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 01.01.2027թ.:

Հովհաննես Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, որից հետո արդեն հստակ կսահմանվի իրականացվելիք գործողությունների ընթացքը:

-Լոռու մարզպետի աշխատակազմը, համայնքապետարանները և Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կառույցները պատրաստակամ են շուրջօրյա ռեժիմով շարունակել աջակցել ձեզ, խորհրդատվական օգնություն տրամադրել սահմանված գործողություններն իրականացնելու հարցում,-ասել է Հ. Ավետիսյանը:

Նա պատասխանել է նաև քաղաքացիների հարցերին՝ ծրագրի իրականացման փուլերի, ըստ բանկավայրերի սահմանված գումարների չափերի վերաբերյալ և այլն:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36