Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» նիստը

23.05.2024

Սպիտակի «Հոգեկան առողջության կենտրոնում» մայիսի 22-ին անցկացվեց «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» արտագնա հերթական նիստը, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:
Վերջինս, ողջունելով ներկաներին, նշեց, որ նիստը Սպիտակի «Հոգեկան առողջության կենտրոնում» անցկացնելու նպատակը եղել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներին տեղում ծանոթանալը, ինչպես նաև՝ հետագայում այլ համայնքներում ևս օրինակելի փորձի ներկայացումը, հնարավորության դեպքում նաև՝ կիրառումը:
Ինչպես ներկայացրեց տնօրեն Բավական Պետրոսյանը, կենտրոնում շուրջօրյա խնամք է ստանում 17 շահառու, իսկ ցերեկային խնամք՝ ևս 21 շահառու, որոնց թվում կան նաև ԼՂՀ-ից բռնի տեղահանված քաղաքացիներ:
Շահառուների համար ամբողջությամբ լուծվում է կեցության, սննդի հարցը, նրանք ստանում են համապատասխան մասնագիտական աջակցություն ևս, կիրառվում է աշխատանքային թերապիա: Ունեն նաև դրական դինամիկա արձանագրած շահառուներ, որոնք արդեն կարողանում են ինքնուրույն կենցաղ վարել՝ բնակվել առանձին և սեփական աշխատանքով հոգալ կարիքները:
Կենտրոնի գործունեությունը կարևորվեց նաև փոխօգնության տեսանկյունից, երբ շահառուները աջակցում են միմյանց՝ ընդհանուր կենցաղ վարելու հարցերում:
«Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» կողմից նախորդած ժամանակաշրջանում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց խմբի անդամ, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանը: Նա մասնավորապես անդրադարձավ փոխօգնության խմբերի գործունեության ակտիվացման, աշխատանքների համակարգման հետ կապված խնդիրների՝ կարևորելով իրականացվելիք ծրագրերը նպատակին ծառայեցնելու անհրաժեշտությունը և Սպիտակի օրինակելի փորձի կիրառումը:
Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ողջունելով այստեղ իրականացվող աշխատանքները, մարզպետ Արամ Ղազարյանի և մարզպետի աշխատակազմի կողմից պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակելու կենտրոնի գործունեությանը:
Քննարկում ծավալվեց նաև հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծառայությունների, ցերեկային կենտրոնների գործունեության ակտիվացման, հոգեկան առողջություն ունեցող անձանց սոցիալիզացիայի ենթարկելու, հասարակության լիարժեք անդամ դարձնելու հետ կապված հարցերի շուրջ:
Աշխատանքային խմբի անդամները նաև շրջեցին հաստատությունում, ծանոթացան այստեղ ստեղծված պայմաններին, իրականացվող աշխատանքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36