Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

22.05.2024

Մայիսի 20-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:

Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքաշինության և ճանապարհաշինության ոլորտներում իրականացվող կապիտալ և սուբվենցիոն ծրագրերին, առողջապահության, կրթության բնագավառների, գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ աշխատանքներին, միջոցառումներին և այլն:

Քաղաքաշինության բնագավառում ընթաքի մեջ են սուբվենցիոն ծրագրերով և կապիտալ ներդրումներով իրականացվող օբյեկտների շինաշխատանքները: Վերջիններիս վերահսկողության նպատակով մշտապես իրականացվում է մշտադիտարկում ոլորտի պատասխանատուների կողմից: Վարչությունը համայնքներից արդեն ընդունում է 2025թ. համար նախատեսված սուբվենցիաների նախնական հայտերը, որոնք կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Մարզպետի հանձնարարությամբ՝ առաջիկայում կկազմվի համայնքներում մասնավոր, ինչպես նաև համայնքային և պետական հողատարածքներում առկա ապօրինաշինությունների և ինքնակամ կառույցների ցանկը, քայլեր կձեռնարկվեն իրավական համապատասխան գործընթացներ ծավալելու ուղղությամբ:
Առողջապահության ոլորտում իրականացվում են ընթացիկ աշխատանքներ, մարզում համաճարակային իրավիճակն, ընդհանուր առմամբ, վերահսկելի է: Մարզպետի հանձնարարությամբ՝ ոլորտի պատասխանատուներն առաջիկայում կամփոփեն մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա բուժտեխնիկայի, պարագաների պահանջարկը՝ դրանց ձեռքբերման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Ա. Ղազարյանի հանձնարարությամբ՝ լուրջ ուշադրություն կդարձվի նաև բուժանձնակազմի վերապատրաստումների պատշաճ կազմակերպման գործընթացին:
Կրթական ոլորտում իրականացվում են ուսումնական տարվա ամփոփմանն ուղղված աշխատանքներ: «Վերջին զանգի» միջոցառումները մարզային ենթակայության հանրակրթական դպրոցները կտոնեն մայիսի 24-ին:
Ամփոփվել են նաև դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքները: Մարզն ընդհանուր առմամբ ունի 71 մրցանակակիր (1-ին կարգի դիպլոմ` 11, 2-րդ կարգի դիպլոմ` 7, 3-րդ կարգի դիպլոմ` 28, գովասանագիր` 25): Արդյունքներով մարզը զիջում է միայն մայրաքաղաք Երևանին:
Գյուղատնտեսության ոլորտում ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները: Ներկա դրությամբ մարզում իրականացվել է 6850 հա գարնանացան, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 360 հա-ով: «Բուսաբուծության աջակցության պետակա ծրագրի» շրջանակներում տրվող աջակցությունից մայիսի 17-ի դրությամբ մարզում օգտվել է 830 շահառու, ցանքս է իրականացվել 2261 հա տարածքում: Ծրագրի արդյունքները կամփոփվեն մայիսի վերջին:
Մարզ է ներկրվել 485 լ թունաքիմիկատ՝ մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով: Այն կտրամադրվի 59 բնակավայրի: Ոլորտի պատասխանատուի ներկայացմամբ՝ մայիսի 12-ին կարկտահարություն է եղել Սպիտակի տարածաշրջանի՝ 20 և Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրերում: Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը՝ ցրտահարություն է գրանցվել Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքներում և Օձուն բնակավայրում: Վնասի չափերը հստակեցնելու նպատակով ներկայում համայնքներում աշխատում են համայնքային հանձնաժողովները:
Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ վարչության մասնագետները կայցելեն համայնքներ՝ տեղում իրականացնելով վերջնական ուսումնասիրություններ՝ ամփոփիչ արձանագրությունները հանրապետական հանձնաժողովին ներկայացնելու նպատակով:
Մայիսի 25-26-ը Երևանում կանցկացվի ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» միջոցառումը՝ նվիրված ՀՀ մարզերի զբոսաշրջային ներուժի բացահայտմանը, որին ընդարձակ տաղավարով մասնակցություն կունենա նաև Լոռու մարզը՝ ներկայացնելով հարուստ մշակութային ժառանգությունը, խոհանոցը, արկածային զբոսաշրջության հնարավորությունները և այլն: Արտաքին կապերի և զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները ևս ընթացքի մեջ են:
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկա օրերին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորած աշխատանքային խումբը մարզի համայնքներում հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ մայիսի 16-ի ՀՀ կառավարության որոշմամբ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մանրամասներին, ծրագրից օգտվելու ընթացակարգերին ծանոթացնելու, նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Արամ Ղազարյանը կարևորել է բարձրացված հարցերի նկատմամբ հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, նախաձեռնողականությունը, տարբեր ոլորտներում տարվող գործընթացների, ծրագրերի, հանձնարարականների ժամկետների նկատմամբ խիստ վերահսկողությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային այլ ծրագրերի, ընթացիկ աշխատանքների, տրվել են հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-21 16:28:49