Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվել է Վազգեն Բադալյանի 70-ամյա հոբելյանը

22.05.2024

Լոռու մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել բռնցքամարտի վաստակավոր մարզիչ, ոստիկանության գնդապետ, գեղանկարիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, մանկավարժ և հասարակական գործիչ Վազգեն Բադալյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, լեգենդար մարզիկներ, մշակույթի և արվեստի նվիրյալներ, հյուրեր:
Միջոցառումը մեկնարկել է Վազգեն Բադալյանի գործունեության մասին պատմող տեսաֆիլմով: Ներկայացվել է բազմաշնորհ լոռեցու՝ մարզիչ-մանկավարժի, օրինապահ պաշտոնյայի, տաղանդավոր նկարչի և ազատամարտիկի կյանքի պատմությունը:
Լոռու մարզպետն իր շնորհավորական խոսքում կարևորել է Վազգեն Բադալյանի գործունեությունը, շնորհակալություն հայտնել տարբեր բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար, նրան պարգևատրել շնորհավորագրով:
- Սպորտի ոլորտում ձեր սաների գրանցած հաջողություններն աննախադեպ են: Նրանցով միայն դուք չեք հպարտանում, այլ՝ ողջ հայ ժողովուրդը: Բռնցքամարտի չեմպիոնը նաև նուրբ հոգու տեր ու խորը խոհափիլիսոփայական մտածողությամբ գեղանկարիչ է: Մարդկության պատմության մեջ, թերևս, այսպիսի եզակի դեպքեր կան միայն, երբ կարելի է վարպետորեն համադրել այս երկու ծայրահեղ տարբեր ուղղությունները: Ոստիկանության համակարգում ծառայության ընթացքում, հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության Դուք նաև ցուցաբերել եք մասնագիտական բարձր պատասխանատվություն: Իմ խոնարհումն ու երախտագիտությունը Ձեզ: Երկա՛ր ապրեք, առո՛ղջ եղեք և շարունակեք մեզ ուրախացնել Ձեր նորանոր ձեռքբերումներով: Դուք ձեր կենսակերպով ու գործունեությամբ վառ օրինակ եք ձեր սաների, սերունդների համար,- ասել է Արամ Ղազարյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, հայ մշակույթի զարգացման գործում ունեցած վաստակի և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Վազգեն Բադալյանը պարգևատրվել է ոսկե մեդալով:
Պարգևը անվանի մարզիկին է հանձնել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
Հոբելյարին շնորհավորագրեր են հանձնվել նաև Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի, ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի և վետերանների խորհրդի, Բռնցքամարտի ֆեդերացիայի, «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ՀԿ-ի կողմից: Շնորհավորական ուղերձներ են հղել շնորհաշատ լոռեցու ընկերները, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող նրա սաները:
Վազգեն Բադալյանը շնորհակալություն է հայտնել իր ծննդյան առթիվ հոբելյանական միջոցառում կազմակերպելու և իրեն հղած ջերմ խոսքերի համար:
Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանը, Ստեփան Դալլաքյանը, «Հորովել» երգի-պարի անսամբլի ստուդիայի սաները, Վանաձորի երգի թատրոնի մեներգիչները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-07 14:36:06