Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի վերակառուցված մասնաշենքը

21.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, Հայ օգնության ֆոնդի ծրագրերի տնօրեն Արտո Որբերյանը, բարերար Գուրգեն Եկարեանը, «Կանակա» շինարարական կազմակերպության նախագահ Հայկ Հովիվյանը, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր մայիսի 21-ին ներկա են եղել Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի վերակառուցված մասնաշենքի բացմանը:

Դպրոցն ամբողջովին հիմնանորոգվել և նորովի կահավորվել է Հայ օգնության ֆոնդի նախաձեռնության ու ջանքերի շնորհիվ՝ հայ բարեր Գուրգեն Եկարեանի նվիրատվությամբ՝ ի հիշատակ հերոսական պապի՝ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերի ղեկավար Արմենակ Եկարեանի:
Դպրոցի վերակառուցման ու վերազինման արդյունքում ընդարձակ և լուսավոր պայմաններ են ստեղծվել ստեղծագործելու և ուսումնառության համար։ Կառուցվել է նաև երկրորդ հարկ, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, կահավորում, բարեկարգվել է բակը, տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ:
Մինչ վերանորոգումը դպրոց հաճախել է շուրջ 120 երեխա․ վերակառուցումից հետո նախատեսվում է թիվը կրկնապատկել՝ հասցնելով շուրջ 200-ի՝ Վանաձորից ու հարակից համայնքներից։
Օրհնության խոսքով հանդես է եկել Գուգարաց թեմի առաջնորդը:
-Մեծ ուրախություն է ամեն անգամ կրթօջախի կամ մշակութային օջախի բացմանը մասնակցելը: Աստծո օրհնությամբ թող գործի այս կառույցը՝ կրթվելու հնարավորություն տալով մեր երեխաներին,-ասել է Գուգարաց թեմի առաջնորդը:
Նորամուտի կապակցությամբ դպրոցի կոլեկտիվին, սաներին և բոլոր ներկաներին շնորհավորել է մարզպետ Արամ Ղազարյանը:
-Սա ավելին է, քան բարեգործությունը, որովհետև դուք նոր շունչ եք հաղորդել կրթամշակութային մի օջախի, որն ունի ավելի քան 65 տարվա փառավոր պատմություն: Նկարիչների և քանդակագործների այն փաղանգը, որ այսօր ունենք, պարտական ենք հենց այս դպրոցին ու նրա նվիրյալներին,- ասել է մարզի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով Հայ օգնության ֆոնդին՝ ծրագիրը նախաձեռնելու և իրականացնելու ու Գուրգեն Եկարեանին՝ նվիրատվության համար: Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել նաև «Կանակա» շինարարական ընկերության նախագահ Հայկ Հովիվյանին՝ հերթական բարձրաճաշակ և որակյալ շինությունը շահագործման հանձնելու համար:
-Վստահ եմ, որ այս գրավիչ միջավայրում կծնվեն արվեստի շատ գլուխգործոցներ,-ասել է նա:
Արամ Ղազարյանը՝ Լոռու մարզպետի շնորհակալագրերով է պարգևատրել Հայ օգնության ֆոնդի ծրագրերի տնօրեն Արտո Որբերյանին և բարերար Գուրգեն Եկարեանին՝ Վանաձորի և Լոռու մարզի համար մեծ կարևորություն ունեցող կրթական հաստատության՝ Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցի վերակառուցման ծրագրի նախաձեռնության և իրականացման համար:
Ծրագրի իրականացումն իր շնորհավորանքի խոսքում կարևորել է նաև Արկադի Փելեշյանը:
-Արվեստի այս յուրօրինակ կենտրոնը, վստահ եմ, դառնալու է վանաձորցիների ամենասիրելի մշակութային կենտրոններից մեկը: Այստեղ այսուհետ հնարավոր կլինի ոչ միայն դասեր, այլև գեղանկարների ու քանդակների ցուցադրություններ անցկացնել,-ասել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:
Ներկաներին շնորհավորել և բարերար Գուրգեն Եկարեանին շնորհակալություն է հայտնել նաև Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները խորհրդանշական ծառատունկ են իրականացրել, ապա՝ շրջել դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-06 14:18:17