Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

17.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 17-ին հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել դեսպանին մարզ այցելելու համար:
Մարզպետն ամփոփ ներկայացրել է Չեխիայի կառավարության, դեսպանատան աջակցությամբ մարզում իրականացված ծրագրերը:
Ա. Ղազարյանը տեղեկացրել է, որ Չեխիայի Հանրապետության ներդրմամբ 1990-ականներին մարզի Սպիտակ և Գուգարք համայնքներում դպրոցներ են կառուցվել: 2021թ. Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցում նաև ստեղծվել է զգայական սենյակ՝ համապատասխան կահավորմամբ, խոհարարական սենյակ՝ գույքով և խոհանոցային լավագույն տեխնիկայով, խաղահրապարակ՝ մարզասարքերով և հաճելի ժամանցի միջավայրով: Բարեկամ երկիրը Լոռու մարզին մեծ աջակցություն է ցուցաբերել նաև համավարակի օրերին: Չեխիայի դեսպանատան կողմից Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք են բերվել ռենտգեն թվային համալիր, անհրաժեշտ պարագաներ: Վիշեգրադ միջազգային հիմնադրամի աջակցությամբ Սպիտակ համայնքի դպրոցներին տրամադրվել են պլանշետներ՝ հեռավար ուսուցման կազմակերպման նպատակով և այլն, իսկ առաջիկայում Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքում կկայանա «Խելացի քաղաքներ» թեմայով «Ուրբիս» անվամբ ցուցահանդես, որին կմասնակցեն նաև Լոռու մարզի համայնքները:
Արժևորելով հայ- չեխական բարեկամությունը՝ մարզպետը վստահություն է հայտնել, որ գործակցությունը կշարունակի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն ասել է, որ շատ ուրախ է Լոռիում հյուրընկալվելու համար: Նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Լոռու մարզում բնակվող քաղաքացիների համար ներկայում մի շարք հումանիտար ծրագրեր են իրականացվում, որոնք կշարունակվեն առաջիկայում ևս:
Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորությունները։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38