Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եվրոպայի օրը Լոռու մարզում

17.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, մայիսի 17-ին՝ «Եվրոպայի օրեր 2024» տոնակատարությունների շրջանակներում, մասնակցել են Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպված «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ավելի ուժեղ ենք միասին» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին:
Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը, գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, եվրոպացի երիտասարդ դեսպաններ, ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցներ, հյուրեր:
Մինչ միջոցառման պաշտոնական բացումը Լոռու մարզպետը շրջել է ՍՄԱՐԹ կենտրում, նրան ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու նպատակները:
«Եվրոպայի օրեր 2024» միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը: Դեսպանը կարևորել է ԵՄ գործունեությունը Հայաստանի մարզերում: Նշել, որ ԵՄ-ն ընդարձակում է Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերը՝ հիմքում ունենալով Հայաստանի հետ համատեղ արժեքների նկատմամբ փոխադարձ հանձնառությունը:
Ողջույնի իր խոսքում Լոռու մարզպետը կարևորել է Եվրամիության և Հայաստանի, այդ թվում՝ Լոռու մարզի հետ սերտ համագործակցությունը, մարզի զարգացմանն ուղղված բազմազան ծրագրերը՝ տնտեսության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, փոքր և միջին ձեռներեցության, քաղաքացիական հասարակության, երիտասարդների հզորացման և այլ ոլորտներում:
Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը մարզի տարբեր բնակավայրերում իրականացված մեծածավալ ծրագրերի համար, պատրաստակամություն հայտնել նպաստելու Եվրոպական երկրների հետ գործընկերային և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը: Մարզի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել «Եվրոպայի օրեր 2024» միջոցառումը Լոռու մարզում անցկացնելու համար:
Հանդիպման ընթացքում Լիանա Ղալթաղչյանը ներկայացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերը և դրանց մեծ ազդեցությունը գյուղական բնակավայրերի կենսամակարդակի բարձրացման վրա:
Կազմակերպված տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում այցելուները տեղեկացել են Հայաստանում Եվրոպական միության օժանդակությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին, ծանոթացել գործակցության շնորհիվ ստեղծված և տոնավաճառին ներկայացված տեղական արտադրատեսակներին:
Արամ Ղազարյանն ու Վասիլիս Մարագոսը շրջել են տաղավարներում, զրուցել տեղական արտադրողների հետ:
Միջոցառման շրջանակներում քննարկումներ են իրականացվել ԵՄ-ի աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ազդեցության և արդյունքների վերաբերյալ: Տեսաֆիլմի միջոցով ներկայացվել են արդյունավետ իրագործված կարևոր նախագծեր: Կազմակերպվել է նաև մեդիագրագիտության աշխատարան:
Եվրոպայի օրը եզրափակվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգային ծրագրով, որտեղ «Շնորհակալություն Շառլ» երաժշտական ծրագրով ելույթ են ունեցել հայտնի երաժիշտներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 11:57:49