Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագրի արդյունքները

15.05.2024

Մայիսի 15-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն Արմեն Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Պատվիրակությունը Հայաստանում է «Հողերի դեգրադացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա» շրջանակներում՝ «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով: Լոռու մարզ են այցելել «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային եռամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով: Ծրագիրը մեկնարկել է 2022թ.-ին և իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մարզում կարևոր ծրագրի իրականացման համար և նշել, որ հողերի դեգրադացման խնդիրն ու երաշտի դեմ պայքարը արդիական են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Լոռու մարզում: Նա նշել է, որ պետական աջակցության մի շարք ծրագրերով և միջազգային կառույցների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են այս խնդիրների հաղթահարմանը, մշակովի ցանքատարածությունների ընդլայնմանը, ինչը շատ կարևոր է նաև պարենային անվտանգության տեսանկյունից:
Մարզպետն ամփոփ կերպով անդրադարձել է «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային եռամյա ծրագրի արդյունքներին: Ա. Ղազարյանը նշել է, որ վերջինիս շրջանակներում Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի 8 բնակավայրերում՝ Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Չկալով, դեգրադացված վարելահողերում ստեղծվել են գարու և վարսակի ենթացանքով՝ կորնգանի, առվույտի ցանքատարածքներ, գարու և եգիպտացորենի մաքուր ցանքատարածքներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև նշված համայնքներում բարելավել 70 հա դեգրադացված արոտավայրեր և 100 հա դեգրադացված խոտհարքեր, հատապտղային այգիների տարածքների հիմնում՝ մոտ 1.9 հա-ում: Նշված բնակավայրերում կիրականացվեն նաև այլ աշխատանքներ, կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ: Նախատեսվում է շահառու համայնքներին տրամադրել բանջարային մշակաբույսերի նոր, արդյունավետ սորտեր, զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը և այլն:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համապարփակ տեղեկատվության տրամադրման համար՝ Ալիան Ռիչարդ Դոնվահին հետաքրքրվել է նաև տեղի բնակիչների բարեկեցության ապահովման վրա ծրագրի դրական ազդեցության, ինչպես նաև ծրագրում կանանց ներգրավվածության խնդրի մասին: Պատվիրակության ղեկավարին տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ ծրագրում ներգրավված է շուրջ 500 ընտանիք, սակայն ծրագրի շահառու են նշված բնակավայրերի բոլոր բնակիչները, ինչը բնականաբար դրական ազդեցություն է ունենում բնակիչների կենսամակարդակի բարձրացման, համայնքների զարգացման վրա, իսկ կանանց ներգրավվածությունը ծրագրում շուրջ 50 տոկոս է:
Կողմերը քննարկել են նաև ծրագրերի իրականացման հետ կապված ընթացիկ խնդիրները, ինչպես նաև ծրագրի ընդլայնման հնարավորությունները:
Հանդիպման ավարտին մարզպետ Ա. Ղազարյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Լոռու մարզում կենսական կարևորության ծրագրերի իրականացման համար՝ նշել է, որ Լոռու մարզպետի աշխատակազմը այսուհետ ևս պատրաստ է ակտիվ համագործակցության.
-Չափազանց կարևորում եմ մարզի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը Լոռու մարզում: Մարզպետի աշխատակազմը օպերատիվ կերպով պատրաստակամ է տրամադրելու ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցելու ծրագրերի հաջող ու անխոչընդոտ ընթացքն ապահովելու հարցում,-ասել է մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38