Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճապոնիայի դեսպանը ճանաչողական այցով Լոռու մարզում էր

03.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 3-ին ընդունել է ճանաչողական այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկիին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, դեսպանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Իր առաքելության շրջանակներում բարձրաստիճան դիվանագետն արդեն երկրորդ անգամ է Լոռու մարզում: Ողջունելով դեսպանին՝ մարզպետը բարձր է գնահատել հայ-ճապոնական բարեկամությունը, շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լոռու մարզին ցուցաբերած օժանդակության, բնապահպանական, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում իրականացրած ծրագրերի, արդյունավետ աշխատանքի համար:
- Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը գործակցելու, բազմաթիվ ծրագրերի իրականացման շրջանակներում զարգացնելու Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունը,- ասել է մարզի ղեկավարը:
Արամ Ղազարյանը հյուրերին է ներկայացրել Լոռու մարզի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետը հույս է հայտնել, որ դեսպանի այցը նոր համագործակցության մեկնարկ կհանդիսանա տարբեր բնագավառներում կապերի ամրապնդման, ընդլայնման, երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար։
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ առանձնացվել է հատկապես զբոսաշրջության ոլորտը:
Յուտակա Աոկին վստահեցրել է, որ դիվանագիտական առաքելության շրջանակներում կներդնի առավելագույն ջանքեր՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացման:
- Ճապոնիայի կառավարության օգնությամբ Լոռու մարզում իրականացվող բոլոր ծրագրերը արդյունավետ են ընթանում: Շնորհակալ ենք նաև մարզպետի աշխատակազմին այդ գործում մեզ աջակցելու համար: Ես տպավորված եմ ոչ միայն կատարված աշխատանքով, այլև Լոռու բնությամբ, պատմական կոթողներով - ասել է նա:
Դեսպանը նշել է, որ ճապոնացի զբոսաշրջիկների համար Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններն իսկական բացահայտում են:
Անդրադարձ է կատարվել նաև Ճապոնիայում կազմակերպվելիք «Օսակա ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանին վերաբերող տաղավարում Լոռու մարզի մասնակցության հնարավորությանը։
Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:
Հանդիպման ավարտին Արամ Ղազարյանն ու Յուտակա Աոկին փոխանակվել են խորհրդանշական նվերներով, ապա մարզպետը դեսպանին ծանոթացրել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի պատմամշակութային վայրերի հետ:
Առաջին կանգառը եղել է Հաղպատավանքը: Հյուրերին ներկայացվել է, որ Հաղպատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր վանական համալիրներից է եղել՝ հոգևոր-մշակութային և գիտաուսումնական կարևոր կենտրոններից մեկը և հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ՝ բարձրաստիճան դիվանագետի պատվիրակությունը եղել է նաև Զարնի Պարնի միջնադարյան քարամրոցային համալիրում: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր:
Դեսպան Յուտակա Աոկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:29:36