Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Պենժամին Գումուշճեան» տնկարանի տարածքում կառուցել է ջերմատուն և տեղադրել հակակարկտային ցանց
03.05.2024
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հկ-ն Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարանի տարածքում կառուցել է ջերմատուն և տեղադրել հակակարկտային ցանց՝ նպատակ ունենալով Լոռու մարզում ընդլայնելու անտառապատման աշխատանքները:
Բացման հանդիսավոր արարողությանը մայիսի 2-ին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Յուտակա Աոկին, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Անտրէ Գումուշճեանը, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր:
500 քառ մետր տարածք ընդգրկող ջերմատունը հնարավորություն կտա փակ արմատային համակարգով աճեցնելու մոտ 120.000 տնկի, ինչպես նաև երկարացնելու տնկման սեզոնը: Հակակարկտային ցանցը նախատեսված է տնկարանը կարկուտից պաշտպանելու և ստվերացում ապահովելու համար։
Գոռ Ասրյանը ներկաներին ողջունել և ծրագրի իրականացման համար Ճապոնիայի դեսպանատանը, Ճապոնիայի կառավարությանը, «Իմ անտառ Հայաստան» հիմնադրամին երախտագիտություն է հայտնել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից.
-Շնորհակալություն ձեզ, մեր մարզում ևս մեկ ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Գուգարքի տնակարանի տարածքում ջերմատան և հակակարկտային ցանցի կառուցումն, ինչ խոսք, հնարավորություն կընձեռի աշխատանքի առավել մեծ արդյունավետություն ապահովելու:Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ ընդգծելու Լոռու մարզպետի աշխատակազմի և «Իմ անտառ Հայաստան» հիմնադրամի ջերմ գործակցությունը անտառվերականգնման տարբեր ծրագրերի շրջանակներում ու վստահեցնելու, որ Լոռու մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է աջակցելու բոլոր ողջունելի նախաձեռնություններին,-ասել է Գ. Ասրյանը:
Անտրէ Գումուշճեանն իր խոսքում ամփոփ ներկայացրել է ծրագրի իրականացման նախաձեռնությունը և նշել.
-Հիմնադրամի ծրագրերն ուղղված են Լոռու մարզում անտառվերականգնմանը, անտառածածկ տարածքների ավելացմանը, ինչը մեծ կարևորություն ունի բնական միջավայրի պահպանման առումով,-ասել է նա:
Հիմնադրամի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, Լոռու մարզպետի աշխատակազմին՝ մշտական համագործակցության և Ճապոնիայի դեսպանատանը՝ ծրագրի ֆինանսավորման համար:
Դեսպան Յուտակա Աոկին իր հերթին նշել է, որ սիրով են համագործակցել շրջակա միջավայրի, բնության պահպանությանն ուղղված ծրագրի շրջանակներում:
-Այս ծրագիրը կարևոր դերակատարություն ունի Լոռու մարզը բնական աղետներից պաշտպանելու, անտառապատ տարածքներն ավելացնելու տեսանկյունից և մենք սիրով համաձայնել ենք աջակցել այս կարևոր նախաձեռնության իրականացմանը,-ասել է դեսպանը:
Պատվավոր հյուրերի ծառուղում ներկաները նաև ծառատունկ են իրականացրել, շրջայց կատարել ջերմատան տարածքում և տնկարանում: