Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է

25.04.2024

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը, «Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն, ԱԱՊ գլխավոր մասնագետ Մարինե Սիմոնյանը, բժիշկ-համաճարակաբան Մարիաննա Վարդումյանը հանդիպել են Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողների, դասախոսական անձնակազմի և համաբուժարանի բուժաշխատողների հետ:
Հանդիպման ընթացքում Ռ. Պողոսյանը ներկայացրել է պատվաստումների դերը և կարևորությունը վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև՝ կարմրուկի կանխարգելման գործընթացում, ընդգծել, որ հանրային առողջապահության ոլորտում պատվաստումները լավագույն միջոցն են պաշտպանելու մարդկանց այնպիսի վարակներից, ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, պոլիոմիելիտը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը, հեպատիտ Ա, հեպատիտ Բ վիրուսները և այլն։ Նա նշել է, որ պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակի շնորհիվ կտրուկ նվազում են հաշմանդամության և մահացության ցուցանիշները:
- Այս օրերին կարմրուկի տարածվածության առումով լարված համաճարակային իրավիճակ է ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում: Եզակի դեպքեր ունենք նաև Լոռու մարզում: Կարմրուկը բավականին վտանգավոր հիվանդություն է, տարածվում է օդակաթիլային եղանակով: Այդ հիվանդությունը կանխարգելելու համար իրականացնում ենք լայնամասշտաբ պատվաստումներ,- ասել է Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետը:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տնօրենը ներկայացրել է Լոռու մարզի համաճարակաբանական իրավիճակը, ընդգծել, որ պետք է ապահովել պատավաստումների 95 տոկոս ցուցանիշ: Հանդիպման ընթացքում ոլորտի մասնագետները մեկ անգամ ևս կարևորել են պատվաստանյութերի դերը, նշել, որ դրանք նպաստում են մարդու առողջության պահպանմանը, պաշտպանում նրանց վարակիչ հիվանդություններից: Բժիշկները կոչ են արել ներկաներին բոլոր վարակիչ հիվանդություններից պաշտպանված լինելու համար՝ պատվաստվել:
Հանդիպման ավարտին մասնակիցները բարձրաձայնել են պատվաստանյութերի հետ կապված իրենց մտահոգությունների վերաբերյալ և ստացել սպառիչ պատասխաններ մասնագետներից:
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում իրազեկման նման հանդիպումներ կկազմակերպվեն նաև մարզի մի շարք դպրոցներում՝ ծնողների, աշակերտների և ուսուցչական անձնակազմերի համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27