Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Վանաձորում հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում հաստատված բնակչության հետ

25.04.2024

Ապրիլի 23-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում հաստատված բնակչության հետ հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Դավիթ Առուշանյանը, Մերի Գալստյանը, Մարիամ Պողոսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրեններ, Լոռու մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։
Մարզի ղեկավարը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց նման ձևաչափով հանդիպման կազմակերպման համար: Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակվող ընտանիքների հետ բազմաթիվ հանդիպումներ են եղել, այդ թվում՝ մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում, և հնարավորության սահմաններում բարձրացված խնդիրներին տրվել են անհրաժեշտ լուծումներ:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ողջունեց նաև Լիլիթ Մինասյանը: Նա նշեց, որ հանդիպումը բարձրացված խնդիրներն արձանագրելու և անհրաժեշտ հետևողական քայլեր ձեռնարկելու նպատակ ունի:
Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցները, հավելելով, որ «40 + 10 հազար» ծրագիրը ՀՀ կառավարությունը շարունակելու է մինչև տարեվերջ։
Այնուհետ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է այն իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում՝ հավաստագրերի տրամադրման միջոցով։
Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ ըստ բնակավայրերի։
Առաջնահերթություն է տրվելու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, անչափահաս երեխաներ ունեցող զոհված զինծառայողների, ինչպես նաև խոցելի խմբերի ընտանիքներին։
Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։
Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները պարզաբանումներ տվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բազմաբնույթ հարցերին՝ զբաղվածության ապահովման, հարկային արտոնություններ տրամադրելու, փաստաթղթերի կարգավորման, սոցիալական և այլն։
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Արամ Ղազարյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով Լոռու մարզպետի աշխատակազմը և անձամբ ինքը պատրաստ են այսուհետ ևս հանդիպումներ ունենալ բռնի տեղահանված քաղաքացիների հետ, աջակցել լուծում տալու նրանց մտահոգող հարցերին:
-Պետությունն իր հնարավորությունների սահմաններում անում է առավելագույնը ձեզ աջակցելու նպատակով: Բոլորիս ցանկությունն է, որ մեր հայրենակիցներն ապրեն ու աշխատեն Հայաստանում,-ասաց մարզպետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38