Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Վիկտոր Համբարձումյանի արձանը

23.04.2024

Ապրիլի 23-ին Վանաձորում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը:
Արձանը տեղադրվել է Վանաձորի Բազում թաղամասի Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակում։
2023թ․-ին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակը և կառուցվել հարակից պուրակը։ Արձանը տեղադրվել է ծրագրի շրջանակներում՝ մեծանուն գիտնականի 115֊ամյակի առթիվ։
Արձանի հեղինակը Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն է, քանդակագործը՝ Գեղամ Բեգջանյանը։
Բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պաշտոնյաներ, Վանաձորի պատվավոր քաղաքացիներ, Վանաձորի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ, վանաձորցիներ, հյուրեր։
Միջոցառումը մեկնարկեց օրհնության խոսքով: Արձանի բացման առիթով ներկաներին մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից ողջունեց Գոռ Ասրյանը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին Վանաձոր համայնքում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են մեծածավալ շինաշխատանքներ, մարզկենտրոն Վանաձորը դառնում է առավել բարեկարգ և գրավիչ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա իր խոսքում նշեց, որ այս տարի Բազում թաղամասի բարեկարգմանն ուղղված մի քանի սուբվենցիոն ծրագրեր ևս կիրականացվեն:
Ելույթներով հանդես եկան նաև Վանաձորի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Հրաչիկ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հանրային կապերի ղեկավար Գայանե Բալեյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը: Վանաձորի թիվ 25 դպրոցի աշակերտները դրվագներ ներկայացրեցին հանճարեղ գիտնականի կյանքի ու գործունեության մասին:
Միջոցառումն ուղեկցվում էր «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի երաժշտական կատարումներով։
Բացման արարողությունից հետո հրապարակին հարակից նորակառույց պուրակում կատարվեց ծառատունկ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55